Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ։
Հիշյալ անձինք վերցվեցին քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ իրականացրին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ ոստիկանների տեղեկությունները հիմնավորվեցին և նրանց տեսադաշտում հայտնված անձինք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին մի շարք հասցեներում։
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր բնակարաններից գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Բացի իրեղեն ապացույցներից՝ իրավապահները հայտնաբերեցին նաև ապօրինի պահվող զենք-զինամթերք։
Ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հրազեններից մեկը գողոն է․ այն 3000 դոլարի և ոսկյա զարդերի հետ գողացել են նախորդ տարվա ապրիլին՝ Արտաշատի բնակարաններից մեկից։
Այս պահին քննությամբ հիմնավորվել է, որ նրանք կատարել են 10-ից ավելի բնակարանային գողություններ՝ Երևանում և տարբեր մարզերում։ Այժմ էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ բացահայտված դեպքերի բոլոր հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, ինչպես և այլ հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։