«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ հանրային քննարկման է ներկայացվելու Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը: Եվ ահա, արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման:
Տեղեկացանք, որ այդ ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվական):
Փաստաթղթում ամրագրված կետերից են նաև սահմանադրական բարեփոխումների անցկացումն ու Ընտրական օրենսդրության բարեփոխումը:
Ըստ այդմ՝ 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը:
Նաև նախատեսվում է՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովում, հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, դատավորների կարողությունների շարունակական զարգացում, դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական աջակցության տրամադրում:
Ն.Հ.