Հայաստանը լայն քայլերով գնում է դեպի ապաքրեականացված երկիր դառնալու հանգրվան: Ինչխոսք, սպասված, երկար սպասված գործողություններ են, որոնք ծավալվում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ եւ կօգնեն Հայաստանում թոթափել կրիմինալ մտածողությունը, «գողական բարքերը», եւ կամաց-կամաց կվերածվենք իրավական երկրի` իրավագիտակից քաղաքացիներով: Երեկ ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններու լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացրեց ՀՀ կառավարությանը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել «օրենքով գողի» կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:
Այսինքն` գողական ռազբորկաները, սխոդկաները, թագադրումները պետք է այսուհետ մնան անցյալում: Եւ նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, որոնք կօգնեն բացահայտել նման խմբավորումներ: Իհարկե, այս նորմի կիրառումը դեռ դժվար կլինի, քանի որ հայ հասարակության համար երկար ժամանակ պետք կլինի` «գողական բարքերը» թոթափելու համար, ավելին` «գողերի» գործողությունների մասին իրավապահներին հայտնելու «հանդգնություն» դրսեւորելու համար:
Այս իրավիճակում անպատասխան են մնում մի քանի հարցեր, որոնք պատշաճ չկարգավորելու պարագայում հնարավոր է լրջագույն խնդիրներ առաջացնեն մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Նախ. ինչպես պարզել` ով է «օրենքով գողը» կամ քրեական ենթամշակույթ կրողը, որպեսզի նրան պատիժ սահմանվի. չկա իրավական որեւէ հիմնավորում: Կամ եթե մի քանի «օրենքով գողեր» հավաքվեն մի ռեստորանում, որեւէ մեկի տանը եւ հաց ուտելու սեղանի շուրջ իրենց աշխարհին առնչվող հարցեր քննարկեն, ինչպե՞ս է դա բացահայտվելու, հիմնավորվելու ու պատժվելու, որպեսզի օրենսդրության հետ խնդիրներ չառաջանան:
Արդյոք սա չի՞ բերի այնպիսի իրավիճակի, որ «օրենքով գողի» վերնագրի ներքո մի շարք անցանկալի մարդիկ, այդ թվում`աշխույժ երիտասարդներ, ուղղակի հեռացվեն երկրից, ինչպես Վանոյի ժամանակ: Կամ մի իրավիճակ, որ վերջերս արձանագրվեց. Դոն Պիպո անունով հայտնի բարեգործ ԱրթուրԱսատրյանին ոստիկանները նվաստացրին, ձեռքը կոտրեցին ու ոչ մի պատիժ: Ի վերջո, նա ՀՀ քաղաքացի է, հակաիրավական արարք թույլ չի տվել (եթե տվել է, պետք է պատժել, այլ ոչ թե ձեռքը կոտրել): Սրանք հարցեր են, որոնք ի սկզբանե պետք է կիրառելիության դաշտում պատասխաններ ունենան:
Բայց, ամեն դեպքում, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կախված չէ «գողերից» ու գողական բարքերից, ընտրություններում չի հենվում նրանց վրա, չի կաշկանդվում: Միայն թե այս ընթացքում մարդկանց իրավունքներ չոտնահարվեն սուբյեկտիվ գործելաոճով: