Տնտեսվարողներին պարտադրում են ավտոբուսներ գնել. Հայկ Մարությանի և ուղեւորափոխադրողների հանդիպման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորափոխադրողները այդքան էլ գոհ չեն կայացած փակ հանդիպումից:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի`քննարկվել է նոր երթուղային ցանցը: Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Այսինքն` ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետները (15 տարի)ավարտվում են: Ի դեպ, նշենք, որ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են եղել փակ հանդիպումից: Նրանց մտահոգել է քաղաքապետի «առաջարկը»`եղած ավտոպարկը թարմացնելու վերաբերյալ:
Օրինակ, Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետի եւ տնտեսվարողների հետ հանդիպմանը, անկեղծացավ, որ վիրավորված է:

Իրեն չեն հրավիրել այդ հանդիպմանը. «Ես գնացի, ինձ ասացին`Ձեր կարիքը չունենք: Այսօրվա իշխանության գործելաոճն է: Դա ինձ համար մեծ ցավ է: Ես է՛լ հանդիպման չեմ գնա: Ես իմ հաճույքի համար չէի գնալու այնտեղ… ես հին տրանսպորտնիկ եմ եւ կարող եմ խորհուրդներով իրենց օգնել»:

Բայց չնայած սրան`Հրանտ Եղիազարյանը խոսել է հանդիպմանը ներկա ուղեւորափոխադրողների հետ: «Ում հրավիրել են, ասել են`գնացեք, նոր միկրոավտոբուս կամ ավտոբուս բերեք, 2 տարի աշխատեք, մինչեւ մենք կարողանանք մեր հարցերը կարգավորել:

Այսինքն` եթե երկու տարվա մեջ կենդանի մնան ու կարողանան ուղեւորափոխադրում իրականացնել, միգուցե թողնեն նոր երթուղային ցանցում աշխատեն»,- տեղեկացրեց Հրանտ Եղիազարյանը: Ապա նշեց, որ տնտեսվարողները նորից գնալու են հանդիպման, որից հետո պարզ կդառնա, թե ինչ պատասխան կտան: «Եթե ուղեւորափոխադրողները խելք ունենան, պետք է հրաժարվեն: Նրանց հիմա անգամ վարկ տվող չկա: Մենք ինչո՞ւ էինք պահանջում սակագինը սարքել 150 դրամ. որովհետեւ մեր ծախսերը չեն ծածկվում 100 դրամով: Պետք է ասեն` մենք ախմախի մեկն ենք, պատրաստ ենք մենք ինչ ունենք-չունենք` տուն-տեղ, դնենք գրավ, մեքենաներ բերենք, որ ձեր երեսը պարզ անենք ժողովրդի առաջ: Ախր, պետք է իրենք իրենց հարց տան`բա հետո ինձ հետ ի՞նչ է լինելու: Վզներին դրվել է… հիմա հարց է`կկարողանան վզներից գցեն էս լուծը, թե չեն կարողանա»,- նկատեց մասնագետը:

Մասնագետի խոսքով` տրանսպորտի մեխանիզմը մաշվում է, որը 100 տոկոսով վերականգնել հնարավոր չէ: «Դա բացառվում է: Նույն եւ ավելի վատ վիճակում են գտնվում երթուղի սպասարկող ավտոբուսները, որովհետեւ դրանց ծախսերն ավելի են: Մարդիկ չեն հասցնում իրենց հավաքած գումարով այդ մեքենաները պահել նորմալ վիճակում: Այսօր Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա:

Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում եւ այլն: Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Վարորդն այնքան չնչին գումար է տանում գծատիրոջը մուծում, որը չի բավարարում մեքենաները նորոգելու համար: Եթե գծատերն ունի 50 մեքենա, երկուսը կանգնեցնում է, հետո դրանց պահեստամասերը տեղադրում է այն 48-ի վրա եւ այդ կերպ յոլա գնում: Անշահութաբեր է: Այսքանից հետո ի՞նչ թարմացնելու մասին է խոսքը»,- վրդովվեց Եղիազարյանը:

Զրույցի ընթացքում Հրանտ Եղիազարյանը բերեց ուղեւորափոխադրող Վիգեն Պողոսյանի օրինակը, որը ժամանակին 800 հազար դոլարի չափով վարկ է վերցրել 20 հատ մեքենա բերելու նպատակով. «Հինգ տարի շահագործում է, եւ հիմա իր պարտքը կազմում է 1 մլն 200 հազար դոլար: Բայց իրեն էլ չեն կանչել հանդիպմանը»:

Իսկ, ահա, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հույս ունի, որ գոնե հանդիպմանը մասնակցած ոչ բոլոր ուղեւորափոխադրողները քաղաքապետի առաջարկը կյանքի կկոչեն:

«Քաղաքապետն առաջարկել է, ասել է`թարմացրե՛ք, որ կարողանանք երկու տարի սպասարկել մեր քաղաքացիներին: Առաջարկել է, ոչ թե պարտադրել: Իրենց ձեռնտու չէ, որ թարմացնեն: Ախր, փտած միկրոավտոբուսով է՛լ չի կարելի աշխատել, մի օր ժողովրդից մեկը կընկնի ավտոբուսից, կզարմանանք»,- նշեց տրանսպորտի վարչության պետը:

Մեր այն հարցին` հնարավոր է արդյոք քաղաքապետարանը ֆինանսապես աջակցի տնտեսվարողներին, ինչ միջոցներով մարդիկ պետք է պարկը թարմացնեն: Նավասարդյանն զարմացավ. «Բայց քաղաքապետարանն ինչո՞ւ պետք է ֆինանսապես աջակցի, ո՞նց օգնի»:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնյայից հետաքրքրվեց նաեւ` եթե տնտեսվարողները քաղաքապետի առաջարկը չընդունեն եւ հրաժարվեն ավտոպարկը թարմացնելուց, ինչ է ձեռնարկելու քաղաքապետարանը: Հարցին ի պատասխան` Նավասարդյանն ասաց. «Մենք առաջարկել ենք, տեսնենք արձագանքը ինչ կլինի, հետագայում քայլեր կձեռնարկենք»: Ի դեպ, նշենք, որ տնտեսվարողները 10 օր ունեն քաղաքապետի առաջարկը քննարկելու, հաշվարկելու համար: «Մենք ասել ենք, որ 10 օրվա ընթացքում ձեզանից սպասում ենք պատասխաններ: Գրավոր կներկայացնեն իրենց պատասխանը`այո, թե ոչ: 10 օր հետո պարզ կլինի: Իրենք հիմա հաշվարկներ են անում` ծախսերի մեջ կտեղավորվեն, թե ոչ»,- տեղեկացրեց Նավասարդյանը:

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, թե ինչու հանդիպմանը չեն հրավիրել ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին. «Գիտեմ, որ վիրավորվել է: Տնտեսվարողներին են միայն կանչել, իր անունը ցուցակում չկար,քանի որ տնտեսվարող չէ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս