ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը համաձայն չէ, որ հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ համաձայն չէ դատավորների դժգոհությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել, եւ պատճառը «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում, քանի որ,ըստ դրա, նրանք պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ: Ըստ դատավորների` այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ ե՛ւ այդ հանձնաժողովում, ե՛ւ ԲԴԽ-ում (որըպետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք: Դատավորների խոսքով` ձեւավորվում է սուպերլիազորություններով մի մարմին, որին հասու են լինելու անգամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, եւ որը պատրաստվում է իրականացնել դատավորների վեթթինգը: Եվ, ահա, պարզվում է՝ Արդարադատության նախարարությունում ոչ միայն տեղյակ չեն դատավորների դժգոհությունների մասին, այլ նաեւ չենկիսում նրանց մտահոգությունները:
Մասնավորապես, խոսելով իշխանությունների տարանջատման սկզբունքի մասին` Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է եւ եթե հայտնաբերում է խախտում, հնարավորություն ունի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ: Ես չեմ համարում, որ իշխանությունների տարանջատման սկզբունք է խախտվում, քանի որ վերջնական որոշման կայացումը Բարձրագույն դատական խորհրդինն է. եթե դա համարենք իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում, ապա նկատենք, որ արդարադատության նախարարը եւս իրավունք ունի դիմել ԲԴԽ կարգապահական հարցերով վարույթ իրականացնելու համար: Եվ այդ դեպքում էլ գործադի՞րն է միջամտում»: Իսկ անդրադառնալով հայտարարագրերի ներկայացմանը` նա նշեց, որ մարմինը պետք է քննի գույքի հայտարարագրումը: «Գույքի հայտարարագրում ունենալու համար այդ մարմինը պետք է ունենա անհրաժեշտ գործիքակազմ, եւ դրանից մեկը բանկային հաշիվներ ստուգելն է: Բանկային գաղտնիք ասվածն էլ օրենքով սահմանված որոշակի դեպքերում հնարավոր է բացել», – նշեց նա` հավելելով, որ նախագիծը մոտօրերս կուղարկեն կառավարություն, այնուհետեւ Ազգային ժողով:
Նշենք, որ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը երեկ մասնակցում էր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում երեք տասնյակից ավել հարցեր էին ընդգրկված, եւ մի քանի օր շարունակ քննարկումներ կլինեն: Եվ քանի որ հարցերի մեծ մասը կապված է հենց այս ոլորտիհետ, երեկ հանձնաժողովի նիստին ներկա էին նախարարի երեք տեղակալները:
Նկատենք, որ բուռն քննարկում տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե փոխնախարարին չի ճանաչում՝ խնդրելով ներկայանալ, ինչը դուր չեկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսին եւ հատկապես Սուրեն Գրիգորյանին, որը սխալ համարեց պատգամավորի պահվածքը, եւ երկար ժամանակ պատգամավորները քննարկում էին Մարուքյանի կողմից փոխնախարարին ճանաչել-չճանաչելու հարցը: Եվ սա հիշեցրեց Ազգային ժողովի այն նիստը, երբ նույնՍուրեն Գրիգորյանը, արդեն առանց Էդմոն Մարուքյանի ներկայության,վերջինիս ԱԺ ամբիոնից մեղադրեց Քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» անվանելու մեջ, եւ կրկին երկար ժամանակ այդ հարցը քննարկեցին: Երեկ եւս, բուն նախագիծը թողած, այլ հարցեր էին քննարկում:
Իսկ նախագիծը եւս ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ առաջարկում են, որպեսզի ԱԺ մշտական հանձնաժողովները նախապես ունենան միջոցառումների ծրագիր` հաստատված պլան, որոշակի գործողություններ, որոնքպետք է արվեն հաջորդ տարի: Եվ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների բնորոշմամբ` սա արվում է նաեւ մշտական հանձնաժողովների աշխատանքը կանոնակարգելու համար, քանի որ այժմ կան հանձնաժողովներ, որոնք այնքան էլ ակտիվ չեն, քանի որ համապատասխան նախագծեր չկան: Եվ այս պարագայում նրանք կանեն նախապես հաստատված ծրագրով արված քայլերը: Այսօր Պետաիրավական հանձնաժողովի անդամները ծրագրում են շարունակել քննարկումները:
Նաիրա Հովհաննիսյան