Ամփոփվել են 2019 թվականի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված գործողություններն ու միջոցառումները, որոնց արդյունքում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը:
Օգոստոսի 27-ին, հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տեղում կատարված ուսումնասիրության (ակնադիտական զննման) արդյունքում, արձանագրվել է հրդեհված սառնարանային տարածքում ամբողջովին կամ մասնակի այրված հիմնականում կենդանական ծագման սննդամթերքի առկայություն: Հայտնաբերված սննդամթերքը չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության չափանիշներին և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, ուստի հանձնաժողովի կողմից համարվել է վտանգավոր և ոչնչացման ենթակա:
Սառնարանային տարածքում առկա վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ընդերքի, առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, Երևանի քաղաքապետարանի, ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի, ՀՀ Զինված ուժերի զորքերի վարչության ՌՔՔՊ բաժնի, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչներ:
Վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքներն անցկացվել են 2019 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը: Այդ ընթացքում տարածքից դուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, որից 170 տոննան մաքսային հսկողության: Վտանգավոր սննդամթերքը լցվել է Նուբարաշենի աղբավայրում հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքում փորված հորերը, ախտահանվել է և ապա ծածկվել առնվազն 1.5 մետր հողածածկով: Բոլոր մեքենաները սառնարանի և աղբանոցի տարածքից դուրս գալուց հետո մանրակրկտորեն ախտահանվել և լվացվել են: Ախտահանվել են նաև «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի բոլոր սառցախցերը, բակային ու հարակից տարածքները (նշված միջոցառումների ժամանակ օգտագործվել է 60 հրշեջ մեքենա 130տ. ախտահանիչ լուծույթով):
Օգոստոսի 19-ից սկսած, ահազանգը ստանալուց անմիջապես հետո, Տեսչական մարմնի աշխատակիցները հերթապահել են հրդեհի վայրում՝ արձանագրել սառնարանի դեռևս չայրվող հատվածից դուրս հանվող մթերքի տեսակներն ու այն կազմակերպությունները, որոնց մոտ դրանք տեղափոխվում են: Վերցվել են նմուշներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ընկերությունները պարտավորվել են սննդամթերքը չիրացնել մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքների հրապարակումը: