Ցեմենտի գործարանը աշխատողներ է կրճատել. երբեմնի հզոր արդյունաբերական հսկան՝ բարդ իրավիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի ղեկավարությունը ոչ միայն աշխատողների, այլեւ ծախսերի կրճատումներ է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք, իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում եւ չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում: Մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում «Հրազդան ցեմենտի» գործարանի վճարած հարկերը կազմել են 238 մլն 133 հազար դրամ:

Այսինքն` պաշտոնական տվյալներով` երբեմնի հզոր արդյունաբերական հսկան տարեցտարի ոչ միայն նվազեցրել է հարկային վճարումները, այլեւ խոշորների ցանկից է դուրս եկել: Հիշեցնենք` «Հայբիզնեսբանկ»-ը «ՎՏԲ Հայաստան» բանկից ձեռք բերեց ցեմենտի գործարանը:

Պարզվում է`հարկերի նվազեցման պատճառը իրանական ծագման ցեմենտն է: Ինչպես հայտնի է, Հայաստանը, ունենալով շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, այն ներկրում է, ինչի արդյունքում լուրջ խնդրի առաջ են կանգնել տեղական արտադրողները:

«Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրանական ծագման ցեմենտի մեծ քանակության ներկրումը լուրջ վնասներ է հասցրել գործարանին: «Եթե նայեք մեր գործարանի վիճակագրական տվյալները մեր արտադրած ցեմենտի, ապա կտեսնեք, որ բավականին իրացման ծավալները նվազել են: Սպառողը նույնն է, ուղղակի այս դեպքում նախընտրել է ձեռք բերել իրանական ծագման էժան գին ունեցող ցեմենտը»: Ընկերությունից մեզ հայտնեցին նաեւ, որ ներքին շուկայում մի կերպ են կարողանում իրացնել արտադրած ցեմենտը: «Արտահանել չենք կարող, որովհետեւ մեր գործարանի արտադրանքը բարձր ինքնարժեք ունի, քանի որ արտադրում ենք թաց եղանակով: Իսկ այդ եղանակով արտադրված ցեմենտը բարձր ինքնարժեք ունի եւ բարձր որակ: Ինքնարժեքի միայն 60 տոկոսը գազն է կազմում»,- փոխանցեցին ընկերությունից:

Պարզվում է` ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար ընկերության տնօրինությունը սկսել է ոչ միայն ծախսերը կրճատել, այլեւ աշխատողներին: «Աշխատողների մի մասն էլ տանը հարկադիր պարապուրդում է: Դիմել ենք կառավարություն, աշխատում ենք, քննարկումներ ենք անում: Նոր տեսակի ցեմենտ ենք սկսել արտադրել, որը ցածր գին ունի, 10 օր է` վաճառքում է, եւ մի փոքր փոփոխություն կա: Բայց զգուշացնեմ`չենք փակվելու, ամեն ինչ ձեռնարկում ենք, որ այս վիճակից դուրս գանք: Փակվելու մասին խոսք չկա, դա ամենահեշտ տարբերակն է»,- պարզաբանեցին գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին:

Իսկ, ահա, ցեմենտի արտադրությամբ զբաղվող մյուս` «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկերը: Անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 512 մլն 371 հազար դրամ հարկ ու տուրք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 946 մլն 550 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ընկերությունից ճշտել հարկերի ավելացման պատճառները, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Բայց, մյուս կողմից, մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքի հետ կապվող «Գաջ»եւ«Սիլվեր միքս» ընկերությունները տեղ չեն գտել հազար խոշորների ցանկում: Նշված ընկերությունների հաշվապահ Լեւոն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Խոշոր ընկերություն չէ, դրա համար էլ չկա: Ցեմենտի հումքի ներկրմամբ զբաղվում է «Սիլվեր միքս» ընկերությունը, իսկ «Գաջ»-ը «Սիլվեր միքս»-ի համար կատարում է հումքի աղացման պրոցեսը»:

Նշենք, որ այս տարի խորհրդարանը ընդունեց «Պետական տուրքի մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս փոփոխությամբ ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք է սահմանվում յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ: Նշենք, որ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է ժամանակավոր` մեկ տարով, իսկ ներմուծվող կլինկերի համար ոչինչ չի փոխվել, տուրք չի սահմանվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս