Քոչարյանի կալանքի հարցը՝ կռվախնձոր իշխանության ներսում. ի՞նչ ելք կունենա այսօրվա դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունենալու «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այն այսօր բավականին թեժ է լինելու, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, որոշվել է դատարանի մուտքի մոտ հավաքել բավականին մեծ թվով մարդկանց: Ռոբերտ Քոչարյանի համակիրներից բացի դատարանի մուտքի մոտ է հավաքվելու նաեւ Քոչարյանին մեղադրող հատվածը:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 12-ին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել էր, որ հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին` ժամը 13:00-ին: Դատական նիստը տեղի ունեցավ Շենգավիթի դատարանում: Մեղադրող դատախազները, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նիստի ընթացքում իրենց առարկություններն էին ներկայացրել:

Ըստ մեր տեղեկությունների` իշխանություններն այս օրերին ամենօրյա ռեժիմով քննարկել են, թե այսօր ինչ ելք կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ու ինչ ելքի կարելի է սպասել: Իսկ իշխանությունների գերակա խնդիրն այսօր շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցը: Ու դա է պատճառը, որ որոշվել է շատ մարդկանց հավաքել դատարանի մուտքի մոտ, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, թե որքան մարդիկ են ցանկանում, որ Ռ. Քոչարյանը գտնվի անազատության մեջ:

Բայց թե ինչ ելք է ունենալու այսօր դատական նիստը, անհնար է ասել, բայց որ զարգացումներ կլինեն, դա փաստ է: Ի դեպ, իշխանության ներկայացուցիչներն այս օրերին լռում են, այս հարցի հետ կապված որեւէ մեկնաբանություն չեն տալիս, քանի որ իշխանությունների ներսում Քոչարյանի կալանքի հարցը կռվախնձոր է դարձել:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս