Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կոմիտասի անվան ազգային քառյակի ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Քառյակի երկրորդ ջութակահար Սյուզի Երիցյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: