Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: «Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ Լևոն Արազյանի պաշտան Հովիկ Սուքիասյանից: Դատարանը շուրջ 2 տարի քննելով գործն այսօր դատավճիռ է հրապարակել՝ երկարատև ազատազրկման դատապարտելով դատավոր Արազյանին:
Պաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործով լրջագույն խախտումներ են առկա և դատական ակտն ստանալուց հետո այդ մասին կբարձրաձայնի, ինչպես նաև վերաքննիչ բողոք կներկայացնի: Ինչ վերաբերում է փաստաբանի մատնանշած խախտումներին, ապա դրանք առնչվում են նախաքննության ընթացքում օպերատիվ միջոցառումների իրականացմանը: Լևոն Արազյանը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: Նա կալանքի տակ էր գտնվում 2017 թ. մայիսի 15-ից և 2019թ. հունվարի 29-ին դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը՝ Արազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը 2017թվականի մարտի 7-ին վարույթ է ընդունել մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված մի գործ, որով ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Հիշյալ գործն իր վարույթում գտնվելու ընթացքում դատավոր Լևոն Արազյանն իր լիազորությունների շրջանակում ամբաստանյալ Գրիգոր Շամասուրյանի օգտին գործողություններ կատարելու. այն է՝ նախատեսված սանկցիայի շրջանակներում մեղմ պատժատեսակ՝ 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, 2017 թվականի մայիսի 4-ին իր աշխատասենյակում Գրիգոր Շամասուրյանից անձամբ պահանջել է խոշոր չափերով՝ 290.862 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար կաշառք:
Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը հրապարակելու օրը՝ 2017թվականի մայիսի 5-ին՝ դատավճռի հրապարակումից առաջ, Լևոն Արազյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Գրիգոր Շամասուրյանի հետ առն այն, որ այդ օրը կհրապարակի Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը, իսկ Գրիգոր Շամասուրյանը 600 ԱՄՆ դոլար գումարը կտա նույն թվականի մայիսի 10-ին, որից հետո Լևոն Արազյանը հրապարակել է Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը՝ Գրիգոր Շամասուրյանին դատապարտելով 300.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: 2017թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12:40-ից 13:15-ի սահմաններում, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վեդի քաղաքի նստավայրում, Լևոն Արազյանը Գրիգոր Շամասուրյանից անձամբ ստացել է իր պահանջած 600 ԱՄՆ դոլար կաշառքը: Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: