ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկսեցին. հերթը հասավ Լեւոն Յոլյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելուց զատ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այս օրերին քննարկում է նաեւ Հաշվեքննիչ պալատի նոր անդամի ընտրության եւ նախագահի փոփոխության հնարավորության հարցը: Խնդիրն այն է, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ին լրանում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը, որն այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի մարտին:

Ե՛վ «Հաշվեքննիչ պալատի մասին», ե՛ւ ԱԺ կանոնակարգ-օրենքները սահմանում են, որ նոր անդամի ընտրության հարցը անհրաժեշտ է քննարկել նախորդի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ: Այսինքն, փաստացի սեպտեմբերի 13-ից Արա Նռանյանի աթոռը համարվում է թափուր, եւ ԱԺ խմբակցությունները կարող են նոր թեկնածուներ առաջադրելու գործընթաց սկսել, իսկ վերջինս էլ իր լիազորությունները կստանձնի արդեն դեկտեմբերի 13-ից:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն գործընթացը սկսում է: Մասնավորապես, մեր տեղեկություններով` երեկ վաղ առավոտյան իշխանական խմբակցության պատգամավորները հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում եւ քննարկել Հաշվեքննիչ պալատի անդամի փոփոխության հարցը, իսկ հետո` արդեն ժամեր անց, այդ նույն հարցով տեղի է ունեցել նաեւ խմբակցության նիստ` արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Եվ մեզ տեղեկություններ հասան, որ, ըստ էության, իշխող խմբակցությունը ցանկանում է մեկ զարկով երկու նապաստակ սպանել եւ ոչ միայն Հաշվեքննիչ պալատի նոր անդամ ընտրել, այլ նաեւ նախագահ: Եվ հենց այստեղ է թաքնված ամբողջ ինտրիգը: Բանն այն է, որ իմքայլականները կարող են, իրավական հիմնավորումներն առաջ բերելով, ոչ միայն ընտրել հանձնաժողովի անդամ, այլ նաեւ նախագահ եւ ներկայիս նախագահ Լեւոն Յոլյանին թողնել անդամի կարգավիճակում:

Նախ նշենք, որ հեղափոխությունից հետո հաճախ բարձրաձայնվեց այն հարցը, որ Լեւոն Յոլյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է զբաղեցնում Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը, եւ որպես հիմնավորում բերվում էր նոր 2015 թվականին ընդունված Սահմանադրությունն ու դրա անցումային դրույթները: Հիշեցնենք, որ Լեւոն Յոլյանը 2017 թվականի փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ որոշմամբ է նշանակվել Վերահսկիչ պալատի նախագահ:

Սակայն Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2018 թվականի ապրիլի 9-ին Վերահսկիչ պալատը դարձել է Հաշվեքննիչ պալատ: Իսկ Սահմանադրության փոփոխությունների 220-րդ հոդվածը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: Իսկ Լեւոն Յոլյանը, ի տարբերություն Հաշվեքննիչ պալատի ներկայիս որոշ անդամների, անհատական իրավական ակտով նշանակված է եղել ոչ թե որպես Վերահսկիչ պալատի կամ վերջինիս խորհրդի անդամ, այլ որպես Վերահսկիչ պալատի նախագահ:

Եվ այժմ բերվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից: Եվ, ըստ էության, չկա որեւէ իրավական ակտ կամ նորմ, որով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի` որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ պաշտոնավարումը շարունակելու գործընթաց: Ուստի ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը դե յուրե թափուր է, եւ Ազգային ժողովում իրավական առումով կարող է տեղի ունենալ նաեւ Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն:

Եվ մեր տեղեկություններով` երեկ իմքայլականները հենց այս հարցերի շուրջ են քննարկում ունեցել` փորձելով հասկանալ, թե ինչպես կարող են վարվել` ընտրել միայն Հաշվեքննիչ պալատի անդամ, թե միանգամից փոխել Լեւոն Յոլյանին, մանավանդ որ նա եւս հանդիսանում է նախկին իշխանությունների ներկայացուցիչ, նրա անունը կապվում է Սերժ Սարգսյանի հետ եւ ընդամենը ամիսներ առաջ նրա ղեկավարած կառույցի գործունեությունն էլ թեժ քննարկվել էր խորհրդարանում` անձնավորված` ընդդեմ Լեւոն Յոլյանի: Եվ հաշվի առնելով այդ ամենը` չի բացառվում, որ հենց առաջիկայում, վկայակոչելով վերը նշված փաստերը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը միանգամից առաջարկի Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածություն:

Հավելենք, որ Հաշվեքննիչ պալատի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ` ներառյալ պալատի նախագահ: Ընդ որում, թեկնածություն պետք է առաջադրի ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը` խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից: Հավելենք, որ իրավասու հանձնաժողովն այս պարագայում կրկին Պետաիրավական հանձնաժողովն է:

Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը թեկնածուի հարցում վերջնականապես չի կողմնորոշվել եւ երկար ժամանակ թեկնածուի փնտրտուքների մեջ էր: Այնպես որ, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս