Ջրային կոմիտեն մտադիր է առաջիկայում մոտ 40 մլն դրամի գնում կատարել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դա չեն կազմակերպում, որովհետեւ աշխատակազմը չի կարողանում իրավական հիմքեր գտնել:
Այս հարցը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի հետ, որն ասաց. «Չկա նման բան: Այդ մրցույթն ընթացքում է, պետք է անենք. հոսքաչափերի նախագծելու մրցույթն է: Այդտեղ մենք խնդիր չունենք, ժամկետների մեջ է: Մենք մինչեւ տարեվերջ կունենանք նախագծեր, կհայտարարենք շինարարության մրցույթ: Նախագծողը հիմա աշխատում է, ինքը կտա իր նախագծային լուծումները, կհայտարարենք շինարարության մրցույթ եւ մարտի վերջին շինարար կունենանք, որը կսկսի իրականացնել ջրանցքների վրա այդ հոսքաչափերի տեղադրման բոլոր գործողությունները: Դա մենք մեզ համար ենք անում, որ ջուրը հաշվառենք: Մենք դրանով կնվազեցնենք կորուստը»:
Նշենք, որ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ կոմիտեի ղեկավարության «ոչ պրոֆեսիոնալիզմի» պատճառով մասնագետներ կան, որոնք պատրաստվում են աշխատանքից ազատվել: Այդ մասնագետների խոսքերով` կոմիտեում հավաքվել են անտեղյակներ, որոնք իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում: Սակայն ինքը` Վարդան Մելքոնյանը, չհամաձայնեց մեզ հետ` նշելով. «Գիտեք, աշխատակազմի ոչ պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ դիտարկման հետ համաձայն չեմ: Կադրերն անընդհատ գալիս ու գնում են: Եթե մասնագետը չի համապատասխանում կոչմանը, չի կարողանում իր վրա դրված պարտականությունները ճիշտ կատարել, կարող է եւ այդպես լինել»:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ հիմնական դժգոհությունները հենց կոմիտեի նախագահին են վերաբերում: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների` անցած տարի ապրիլին այս պաշտոնում նշանակված Վարդան Մելքոնյանը ժամանակին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի վարորդն է եղել,սակայն այդ մասին տեղեկությունը նրա կենսագրական տվյալներում բացակայում է: «Ժողովուրդ» օրաթերթը Վարդան Մելքոնյանից հետաքրքրվեց` ինչու է այդ տեղեկությունը կենսագրականում թաքցվել:
Վարդան Մելքոնյանն արձագանքեց. «Ոչ, ես եղել եմ նրա խորհրդականը, տեխնիկական տնօրենը, վարորդ երբեւէ չեմ աշխատել»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նրա կենսագրական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ 2017-2018 թվականներին աշխատել է «Լիդիան Արմենիա» ընկերությունում որպես ճարտարագետ եւ վերահսկել է ոսկու հանքավայրի հողային աշխատանքները:
Սյունէ Համբարձումյան