Ըստ ս․թ․օգոստոսի 31-ին կնքված Համայնքային զարգացման համաձայնագրի` Լիդիան Արմենիան պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության և արտադրության յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար համայնքների զարգացման նպատակով տրամադրել 7 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, եթե արտադրության փուլում ոսկու մեկ ունցիայի միջին գինը գերազանցի 3,550 ԱՄՆ դոլարը, ընկերության տարեկան հատկացումը կկազմի 9 մլն ԱՄՆ դոլար։
Ընկերության տարեկան համայնքային զարգացման ներդրումը բաշխվելու է երկզամբյուղ մոդելով։
Տարեկան ներդրման 70%-ը բաշխվելու է Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքների միջև՝ Համաձայնագրով սահմանված բանաձևի համաձայն։ Բանաձևը հիմնվում է մի շարք գործոնների վրա, այդ թվում՝ ազդակիր Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Սարավան և Գորայք բնակավայրերի բնակչության թվի, Ամուլսարի ծրագրի կողմից օգտագործվող հողատարածքների մակերեսի և հանքի ենթակառուցվածքներին բնակավայրերի մոտ գտնվելու։ Միաժամանակ Համաձայնագրով ամրագրված է կարևոր սկզբունք՝ յուրաքանչյուր ազդակիր բնակավայր պարտադիր ստանալու է համապատասխան խոշորացված համայնքի համար նախատեսված գումարի առնվազն 20%-ը։
Տարեկան ներդրման մնացած 30%-ը մրցակցային հիմունքներով ուղղվելու է համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ Այս մեխանիզմը հնարավորություն կտա աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ունեն համայնքային կայուն զարգացման առավել մեծ ազդեցություն և կարող են երկարաժամկետ ու չափելի արդյունք ապահովել ավելի մեծ թվով բնակիչների համար։
Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված գումարները Լիդիան Արմենիայի կողմից ուղղակիորեն չեն փոխանցվելու համայնքային բյուջեներ։ Դրանք տրամադրվելու են ընկերության կողմից հիմնադրված Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամին։
Համայնքները՝ ֆինանսավորման ենթակա ծրագրերը ներկայացնելու են Հիմնադրամին։ Ծրագրերի հաստատման դեպքում Հիմնադրամը տրամադրելու է համապատասխան ֆինանսավորումը։ Ծրագրերի հաստատման իրավասությունը վերապահվելու է Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնին՝ Հիմնադրամի խորհրդին։ Այն կազմված է լինելու Լիդիան Արմենիայի չորս և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների մեկական ներկայացուցիչներից։
Համաձայնագրով սահմանվել են նաև ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության, հաշվետվողականության և աուդիտի հստակ ընթացակարգեր, որոնք կոչված են ապահովելու համայնքային զարգացման համար նախատեսված միջոցների թափանցիկ, նպատակային և արդյունավետ կառավարումը։
Այսպիսով, Համայնքային զարգացման համաձայնագրի կնքմամբ ձևավորվում է Ամուլսարի շրջակա համայնքներին Լիդիան Արմենիայի երկարաժամկետ աջակցության կանխատեսելի, թափանցիկ և ինստիտուցիոնալ համակարգ։ Ընկերությունը՝ որպես համայնքների վստահելի գործընկեր, շարունակելու է իր գործունեությունն այն սկզբունքով, որ Ամուլսարի ծրագրի տնտեսական արդյունքները պետք է վերածվեն նաև շրջակա համայնքների համար տեսանելի և երկարաժամկետ զարգացման հնարավորությունների։ Համայնքային զարգացման համաձայնագիրը հենց այդ մոտեցման գործնական արտահայտությունն է` ուղղված համայնքների կայուն զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը։
























































































