Շուրջ տասը տարի Երևանի մետրոպոլիտենի ուղևորներին ծառայած ժետոնները փոխարինվել են նորերով: Դրանք գործածության մեջ են մտել սեպտեմբերի 25-ից:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` ժետոնների գույնը և տեսքը նույնն են մնացել:
«Նպատակահարմար չգտանք փոխել ժետոնի գույնն ու տեսքը, քանի որ դա հավելյալ ծախս է: Մեր առաջ նպատակ էինք դրել թարմացնել ժետոնները, որովհետև եղածներն արդեն պիտանի չէին օգտագործման համար»,-մեզ հետ զրույցում նշեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը:
Նա ընդգծեց, որ մոտավորապես տասն օրվա ընթացքում արտադրվել է ավելի քան 200 հազար ժետոն, որոնք բաժանվել են բոլոր կայարաններում: Ընդհանուր առմամբ նոր ժետոններ ստանալու համար ծախսվել է մեկ միլիոն դրամ:
Ավետիսյանը նշեց, որ աշխատում են մշտապես դրական փոփոխություններ կատարել մետրոպոլիտենում, բայց անելիքները շատ-շատ են, որովհետև մետրոպոլիտենը 24-ժամյա աշխատող հիմնարկ է, որի շահագործման ընթացքում բազմաթիվ ծախսեր են առաջանում: «Մեր առաջնահերթություններից է նաև գնացքների և այն ամենի արդիականացումը, ինչ կապված է անվտանգության հետ»,-ասաց Ավետիսյանը:
Անդրադառնալով մետրոպոլիտենի ծառայություններից օգտվողների քանակին` տնօրենն ընդգծեց, որ, ամենամսյա և ամենամյա տվյալների համաձայն, ուղևորների թիվը գնալով մեծանում է: «Անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ուղևորների հոսքն աճել է քսան տոկոսով: Օրվա ընթացքում 60-70 հազար ուղևոր է մտնում մետրո»,-նշեց Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այն մարդիկ, որոնց մոտ պահպանվել են հին ժետոններ, կարող են մոտենալ մետրոյի դրամարկղ և դրանք փոխարինել նորերով: