Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ-Ուսայմինի հայտարարությունը, որով կոչ է արել պաշտոնական Երեւանին «անհապաղ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։
Հայտարարության տեքստում խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտահայտելով ամբողջովին ադրբեջանամետ դիրքորոշում կարգավորման գործընթացի հանդեպ՝ չմոռանալով սակայն շեշտել, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարո’ն Մարտիրոսյան, Իսլամական Համագործակցության Կազմակերպության ղեկավար Յուսեֆ ալ Օթայմինը հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանին՝ դուրս բերել հայկական զորքերը Արցախի տարածքից: Ի՞նչ է սա նշանակում մեր երկրի համար:
-ԻՀԿ-ն հիսունյոթ անդամ երկիր ունի: Այն Իսլամական աշխարհի երկու խոշոր միջազգային կազմակերպություններից մեկն է: Դրա անդամ է նաև Ադրբեջանը:
Գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ Օթայմինը սաուդցի է, սաուդական թագավորության նախկին նախարար: ԻՀԿ-ն բազմիցս է դատապարտել Հայաստանին և հանդես եկել Ադրբեջանի դիրքերից: Ի տարբերություն քրիստոնեական աշխարհի՝ մահմեդական աշխարհում հաճախ քաղաքական կողմնորոշումներն ուղղակի ստորադասվում են կրոնականին: Եվ սա հենց այդ դեպքերից է:
Հերթական քննադատական և հակահայ հայտարարությունն է, որից, սակայն, թերևս, կարելի կլիներ խուսափել, եթե Հայաստանն արտաքին խելացի քաղաքականություն վարեր: Սաուդցիները սուննի են, ադրբեջանցիների դեռևս մեծամասնությունը՝ շիա: Բացի այդ՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեծապես թրքամետ է, որ ևս մեկ կետ է բացահայտում ադրբեջանա-սաուդական ներքին հակասությունների համար: Չնայած դրան՝ պաշտոնական Բաքուն մերձեցման խաղեր է խաղում Ռիադի հետ, թեև Անկարան ավելի ու ավելի է թշնամանում սաուդցիների դեմ: Եվ քանի որ Հայաստանը սաուդցիների հետ որևէ հարաբերություն չունի և չի էլ անգամ մտածում ունենալ՝ գոնե օգտվելու համար սաուդա-թուրքական հակասություններից՝ Ադրբեջանն իր շահերը շարունակում է առաջ տանել արդեն անգամ Ռիադի մասնակցությամբ:
-Ձեր կարծիքով ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
-Ինչ վերաբերում է հետևանքներին՝ առայժմ, քանի դեռ ռազմական նոր՝ լայնամասշտաբ գործողություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան, այս հայտարարությունը չի ունենա: Երբ սկսվի պատերազմի հաջորդ փուլը՝ բացառված չէ ամենևին, որ Իսլամական Համագործակցության Կազմակերպությունն առավել առարկայական դեր խաղա Հայաստանի դեմ պայքարում:
Լիդա Եղիազարյան