Հայաստանը, ունենալով շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, սկսել է այն մեծ քանակությամբ ներկրել: Պաշտոնապես ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շեշտակիավելացել են: Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 144 հազար 463 տոննա ցեմենտ,մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 43 հազար 69 տոննա ցեմենտ: Պաշտոնական փաստաթղթերից մեզ հայտնի դարձավ, որ միայն 144 հազար 437 տոննա ցեմենտը ներկրվել է Իրանից: Արձանագրենք, որ այս ամենի արդյունքում լուրջ խնդրի առաջ են կանգնել տեղական արտադրողները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Հրազդան» ցեմենտի գործարանն անգամ կրճատումներ է արել: Նշենք, որ այս տարի խորհրդարանը ընդունեց «Պետական տուրքի մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այս փոփոխությամբ ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք է սահմանվում յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ: Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է ժամանակավոր` մեկ տարով, իսկ ներմուծվող կլինկերի համար ոչինչ չի փոխվել, տուրք չի սահմանվում:
Սյունէ Համբարձումյան