Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը 7 փաստ է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրգործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը 7 փաստ է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված գործի մասին:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը.

«ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. իր պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանական խումբը՝ ի դեմս Երեմ Սարգսյանի, 7 փաստ է ներկայացրել հարուցված քրգործի մասին։

1. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը

Դատարանի տրամադրության տակ չի եղել եւ դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունն ընդհանրապես տեղի է ունեցել, եւ որ Գագիկ Խաչատրյանը որեւէ առնչություն ունի դրա հետ: Նշվածը անձին կալանավորելու համար պարտադիր պայման է, եւ համապատասխան նյութերի բացակայությունը կալանավորման միջնորդությունը մերժելու ուղիղ հիմք է հանդիսանում:

Գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել է, որպեսզի կալանավորման միջնորդությունը բավարարելու դեպքում դատական ակտում օրենքով սահմանված կարգով մատնանշվեն այն կոնկրետ ապացույցները, որոնք հաստատում են հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները: Դատարանն այդ ապացույցները չի վկայակոչել, քանի որ այդպիսիք առկա չեն եղել, դրանով արդեն իսկ կայացնելով անհիմն, չպատճառաբանված եւ անօրինական որոշում:

2. Դատարանը չի կարողացել պատճառաբանել, թե ի վերջո ինչու է կալանավորում Գագիկ Խաչատրյանին

Դատարանն իր որոշմամբ չի կարողացել որեւէ կերպ հիմնավորել այն, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել քննությունից, կատարել նոր հանցագործություն կամ խոչընդոտել գործի քննությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց որոշումներում փաստում են այն իրավական դիրքորոշումը, որ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը:

Այս առումով հետաքրքրական է, որ դեռեւս 2019 թվականի մարտի 13-ին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսինքն, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ արդեն շուրջ 5 ամիս է այդ խափանման միջոցն է կիրառված եղել եւ պարզվում է, որ այն լիարժեք բավարար է եղել նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար. այդ ընթացքում նա չի թաքնվել, չի խուսափել քննությունից, որեւէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը եւ որեւէ նոր հանցագործություն չի կատարել: Փաստաբանները հարց են բարձրացնում, թե այդ ի՞նչ ծանրակշիռ փաստերի հիման վրա է դատարանը որոշել, որ եթե հանկարծ Գագիկ Խաչատրյանը չկալանավորվի, ապա այդ պահից սկսած այլեւս կթաքնվի քննությունից, կխոչընդոտի դրան կամ էլ նոր հանցանք կկատարի։ «Եթե նա նման ոչ իրավաչափ վարքագիծ պետք է դրսեւորեր, ապա ինչո՞ւ այն 5 ամիսների ընթացքում չէր դրսեւորել», – ընդգծում են փաստաբանները։

3. Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննությունը զարմանալի զուգադիպությամբ հանձնարարվել է նույն դատավորին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հիմնավոր կասկածներ ունի առ այն, թե ինչ «զուգադիպությամբ է» Գագիկ Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հանձնարարվել այն դատավորին, որն առանց որեւէ հիմնավորման նաեւ Գագիկ Խաչատրյանի բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություն տալու միջնորդությունների քննությունն է բավարարել։ Ապա նույն դատավորին էլ հանձնարարվել նաեւ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը:

4. Գագիկ Խաչատրյանը՝ գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ զանգով ընդհատել է հետվիրահատական բուժումը եւ վերադարձել ՀՀ

Գագիկ Խաչատրյանի գործում առկա են ապացույցներ, որ ազատության մեջ մնալով Գագիկ Խաչատրյանը չի թաքնվել քննությունից, չի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցավոր արարք չի կատարել։ Գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով, ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական եւ օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։ Ակնհայտ է, որ եթե Գագիկ Խաչատրյանը նպատակ ունենար թաքնվելու, ապա որեւէ պարագայում Գերմանիայից չէր վերադառնա Հայաստան:

5. Գագիկ Խաչատրյանը փաստաբաններին արգելել է շահարկել իր ծանր հիվանդության հանգամանքը

Չնայած որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը համապատասխան բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն չի կարող իրականացվել ՀՀ-ում (ինչը Պետության համար ոչ միայն նրան կալանքից ազատելու, այլեւ՝ ՀՀ-ից կարճաժամկետ մեկնելու թույլտվության պարտադիր պահանջ է ստեղծում), սակայն Գագիկ Խաչատրյանն իր փաստաբաններին արգելել է այդ մասին մանրամասն խոսել, քանի որ հույս ունի, որ այնուամենայնիվ, օբյեկտիվ եւ արդար քննություն կիրականացվի եւ իրավասու մարմիններն օրենքի հիման վրա որոշումներ կկայացնեն:

6. Իրականացվող քննության նկատմամբ Գագիկ Խաչատրյանի դիրքորոշումը

Գագիկ խաչատրյանը հատուկ է վերադարձել ՀՀ եւ ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն ընձեռի իր ներկայությամբ ամբողջական եւ օբյեկտիվ քննություն կատարել: Նրա դիրքորոշումն այն է, որ եթե օբյեկտիվ քննություն կատարվի եւ հիմնավորվի, որ ինքը որեւէ հանցավոր արարք է կատարել, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել դրա համար։

Սակայն քննությունն արդեն ընթացքում է շուրջ 7 ամիս, կարող է նույնիսկ ամիսներ եւ տարիներ շարունակվել եւ չկա որեւէ ողջամիտ պատճառաբանություն, թե ինչու այդ ընթացքում ինքը պետք է հատկապես կալանքի տակ գտնվի: Ավելին, չնայած Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն իր պատշաճ վարքագիծը եւ քննությանն ամեն կերպ օժանդակելու դիրքորոշումն ակնհայտ լինելու համար համաձայնել է, որպեսզի իրավասու պետական մարմնի դեպոզիտ հաշվին վճարվի մեղադրանքներում նշված ենթադրյալ վնասների չափով գումար, որն այն երաշխիքն է, որ եթե այդ մեղադրանքները հաստատվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա նշված գումարով կփոխհատուցվեն պատճառված վնասները:

Ի դեպ, դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ նմանաբնույթ հանցագործությունների պարագայում, երբ ենթադրյալ պատճառված վնասը փոխհատուցվում է նման եղանակով, ապա նշվածը մեծամասամբ դեպքերում հիմք է տալիս, որպեսզի դատարանները մեղադրյալի նկատմամբ առնվազն գրավ կիրառեն եւ կալանքից ազատ արձակեն:

7. Գործընթացի թափանցիկության պահանջը

Գագիկ Խաչատրյանին առնչվող բոլոր նիստերի քննություններն անցկացվել են դռնփակ։ Նրա փաստաբանը հատուկ անդրադարձել է դատական նիստերը մինչդատավարական վարույթում փակ անցկացնելու խնդրին։ Նա նշել է, եթե հնարավորություն լիներ բացառապես դռնբաց նիստերի՝ որպես օբյեկտիվ քննության բաղադրիչ, ապա հանրությունը պարզ կտեսներ, թե Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումն ինչպիսի պարզունակ, էական եւ կոպիտ խախտումներով է կայացվել, որոնք ակնհայտ են նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձանց։ Ուստի նույնիսկ ցանկության դեպքում անհնար է հավատալ, որ տարիների փորձառություն ունեցող դատավորը չէր տիրապետում այդ հասարակ իրավաբանությանը։ Նշվածի հիման վրա այլ բան չի մնում, քան համոզվել, որ այս գործով դատարանի վրա ուղիղ կամ անուղղակի ճնշումներ են եղել։




Լրահոս