ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ դատավորը չի հանձնվում. 840. 000 դրամի հարցը հասել է Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցը հասավ Վճռաբեկ դատարան: ՍԴ դատավորը չի հանձնվում եւ իրեն հասանելիք աշխատավարձի հարցով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն, այսպես ասենք, հաղթեց ՍԴ աշխատակազմին: Գյուլումյանը դատի էր տվել ՍԴ աշխատակազմին, քանի որ ՍԴ-ն սխալ էր հաշվարկել իր աշխատավարձը` վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծումչի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահության օրոք:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանը ասել էր, որ Եվրոպական դատարանում իր աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: «Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկե՛ք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո Դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն, եւ դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարել, չկատարեցին, դիմեցի դատարան»,- «ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ՍԴ դատավորը:

Արդյունքում, 2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրոզյանը հրապարակեց վճիռը` ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանի համար հաշվարկել եւ վճարել հավելավճար` իր աշխատավարձի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար 047 դրամ:

Այս որոշման հետ չէր համակերպվել ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում: Արդյունքում, ՀՀ վերաքննիչ դատարանը ընդդեմ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանիորոշում է կայացրել եւ բավարարել է Ֆինանսների նախարարության բողոքի դիմումը, այսինքն` դատավորին չվճարել 840 հազար 047 դրամ:

Բայց դատավոր Գյուլումյանը չի նահանջում, հիմա էլ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ ամեն կերպ պայքարում է իր հասանելիքը ստանալու համար:

Քնար Մանուկյան

 




Լրահոս