Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց սեպտեմբերի 17-27-ը Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
«ԱԱ-ին չեն պատրաստվում այդ պահին, դա տարիների աշխատանք է, դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում մարզիկների անձնական մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են մարզիկներին, որպեսզի հասնեն բարձր մակարդակի: Վերջնական պատրաստվածությունը կատարել են ծանրամարտի ֆեդերացիան, գլխավոր մարզիչը, երկրորդ մարզիչը: Շնորհավորում եմ բոլորիս, ծանրամարտի սիրահարներին: Մենք միշտ կփորձենք արդարացնել նրանց հույսերը:
Անկախ նրանից, թե Լաշա Տալախաձեն ինչ կիլոգրամներ է բարձրացնում, Գոռ Մինասյանն ավելացնում է իր արդյունքը: Նա այնպիսի մարզիկ է, որ եթե դուրս եկավ հարթակ, անպայման կանի իր գործը, ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածի, դա շատ լավ հատկանիշ է: Նա հրաշալի մարզիկ է:
Անդրանիկ Կարապետյանի հարցում միայն դուք չեք հիասթափված, ես էլ եմ հիասթափված: Նա հուլիսին երկկողմանի թոքաբորբով պառկած է եղել, և Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորման շնորհիվ (1 մլն դրամ) կարողացանք նրան ոտքի կանգնեցնել: Մարզումների ժամանակ գրանցեց աշխարհի 2 ռեկորդ, նա էլ է հիասթափված: Տեսնենք՝ այդ «վերքը» ինչպես կսպիանա:
Հակոբ Մկրտչյանի քաշային կարգն օլիմպիական չէ: Օլիմպիական խաղերին մնացել է 8 ամիս: Այդ ժամանակահատվածում քաշային կարգ փոխել և մասնակցել Խաղերին հնարավոր չէ, չի կարող լուրջ արդյունքներ գրանցել:
Այս ԱԱ-ի ժամանակ Սիմոն Մարտիրոսյանի բարձրացրած կիլոգրամները բավարար չեն օլիմպիական չեմպիոն դառնալու համար: Նրա հնարավորություններն ավելի են: Եթե նա պոկի 200 կգ և հրի 240 կգ, կկարողանա հաղթել: Սիմոնն այնպիսի մարզիկ է, որ ինչքան պետք լինի, կկարողանա բարձրացնել»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում:
Հակոբ Մկրտչյանը (89 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) հռչակվել էին աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: