2 ընդգրկուն հանդիպում` 3 ժամ ընդհանուր տեւողությամբ. ի՞նչ է մասնավորապես քննարկվել Փաշինյան- Պուտին երեւանյան հանդիպմանը: Քննարկե՞լ են, ի վերջո, 2 երկրների ղեկավարները գազի գնի բարձրացման հարցը, թե՞ ոչ: Մանրամասներ առայժմ չկան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան-Մոսկվա գազային բանակցություններում «Գազպրոմն» առաջարկել է 2020թ. հունվարի 1-ից Հայաստանում մոտ 40 դոլարով գազի գինը բարձրացնել, 1 խմ-ի գինը հասցնել 200-205 դոլարի: Այսինքն` սա գնի հենց այն 30 տոկոս ավելացումն է, ինչի մասին համառ լուրերը չէին դադարում մինչեւ նախագահ Պուտինի` Երեւան ժամանելը:
Թեպետ ռուսական կողմը հստակ է գիտակցում, որ գնի այսպիսի բարձրացման դեպքում ռուսական գազը պարզապես կկորցնի իր մրցակցային առավելությունը իրանական գազի նկատմամբ, բայց, միեւնույնն է, այս պահին, ըստ էության, հայկական կողմը բանակցություններում շոշափելի արդյունքի դեռ չի հասնում:
Հայաստանին մատակարարվող գազը ռուսական կողմը, հիշեցնենք, վերջին անգամ թանկացրեց մեկ տարի առաջ` սահմանին 1000 խորանարդ մետրը դարձնելով 165 դոլար` մինչ այդ գործող 150 դոլարի փոխարեն: Վերջին տեղեկությունն էլ օրերս այն եղավ, որ հայկական կողմից գազի հարցում հիմնական բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց` ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, ինչը, համաձայնեք, խոսուն մեկնաբանություն չէ:
Անվիճելի է, որ գազի միանգամից 40 դոլարով թանկացումը Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, ճգնաժամի կարող է բերել: Եվ կտրուկ գնաճը զսպելն էլ անխուսափելի կդառնա, կավելանան Հայաստանում արտադրվող ապրանքների, մատուցվող ծառայությունների գները, անխուսափելի կդառնա էլեկտրաէներգիայի թանկացումը, ու այս շղթան, ըստ էության, կսեղմի սոցիալական օղակը:
Հայտնի փաստ է` ռուսական կողմն իր այս բնատուր ռեսուրս կապույտ վառելիքը երբեք էլ սոսկ տնտեսական գործիք չի համարել:Այն միշտ էլ քաղաքական մահակի պես է կիրառել,սեփական հարցերը լուծելու հիմնական միջոց դարձրել: Ի վերջո,հայտնի փաստերն են աչքի առաջ. հակառուսական կեցվածքի համար ժամանակին Ուկրաինան ու Վրաստանը պարզապես զրկվեցին ռուսական գազից: Մնում է հասկանալ, թե այժմ մեր դեպքում ինչ շոշափելի արդյունք կլինի այս խնդրի քննարկում-բանակցություններում: