Երեկ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդ էր սպանվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները երեկ ամբողջ օրվա ընթացքում հարցաքննել են նրա մտերիմներին, բարեկամներին, ընկերներին եւ ծանոթներին` հասկանալու, թե ինչ խնդիր կարող էր նա ունենալ:
Ըստ նախաքննական մարմնի` 2019 թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երeuան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ:
Նույն օրը` ժամը 22:15-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից որ հրազենային վնասվածքներով Երեւան քաղաքի Հարավարեւմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:
Իրավապահները Երեւան քաղաքի Հարավարեւմտյան թաղամասում կատարել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ` հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 4 հատ պարկուճ եւ 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ` ծնված 1990 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել` քննչական խումբ կազմելու մասին:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երեկ` ամբողջ օրվա ընթացքում, իրավապահները հարցաքննել են սպանված տղայի մտերիմներին, ընկերներին, բարեկամներին, եւ հիմնական հարցը, որ իրավապահները տվել են նրանց, եղել է այն, թե ինչ խնդիր կամ հարց ու պատասխան կարող էր ունենալ 29-այմա երիտասարդը, որի արդյունքում նրան սպանել են: Ավելին, իրավապահները պարզել են, որ դեպքը եղել է երիտասարդ տղայի բնակության վայրից մի քանի շենք այն կողմ, եւ իրավապահները փորձել են հասկանալ, թե ինչու է նա վերոնշյալ ժամին գտնվել մենակ, առանց որեւէ ընկերոջ, ծանոթի կամ բարեկամի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում:
Քնար Մանուկյան