Երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանկարծակի ազատել է աշխատանքից: Բայց պարզվում է, որ այս հանկարծակի ազատելու հիմքում բավականին ուշագրավ պատմություններ կան:
Հիշեցնենք, որ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու պատճառով,բայց նախկին փոխնախարարի կալանքը գրավով է փոխարինվել,իսկ գործն էլ շարունակում է քննվել Ազգային անվտանգության ծառայությունում: Առաջիկայում նախաքննության ավարտի մասին կհայտարարվի: Սա, ըստ էության, երկրորդ աղմկահարույց պատմությունն է, որ առողջապահության փոխնախարարը հեռացվում է աշխատանքից: Ու որեւէ պաշտոնական բացատրություն չի տրվում այդ մասին:
Ի դեպ, ArmLur.am կապ հաստատեց Հովհաննես Հարությունյանի հետ եւ հետաքրքրվեց աշխատանքից ազատման պատճառների մասին: Մեր հարցերին, սակայն, աշխատանքից արդեն ազատված փոխնախարարը չցանկացավ պատասխանել: Ապա հորդորեց իր ազտաման վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալ Առողջապահության նախարարությունից: Իսկ նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով փոխնախարարի ազատմանը, հայտարարեց, որ Հարությունյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից, այլ մանրամասների ինքը չի տիրապետում:
Ավելին, նախարար Արսեն Թորոսյանը, որն իր սովորության համաձայն անընդհատ ուղիղ եթեր է մտնում եւ այդպես ամեն ինչին արձագանքում է, երեկ պարզապես լուռ էր եւ ոչ մի կերպ չանդրադարձավ փոխնախարարի ազատմանը:
Բայց համաձայնեք, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված մարդը, տրամաբանական է, որ պետք է բացատրություն տար իր դիմումի պատճառների վերաբերյալ: Ի դեպ, նշենք, որ Հարությունյանը բավականին կարեւոր գործառույթներ ուներ եւ իրականացնում էր դրանք: Նրա գործառույթների մեջ մտնում էր նաեւ մարզերի բժշկական կենտրոններին համապատասխան բժշկական անձնակազմով ապահովման աշխատանքների համակարգումը եւ այլն: Հիմա հարց է առաջանում՝ ինչու է Հարությունյանը այդ կարեւորագույն պաշտոնից հրաժարվում` «սեփական դիմումի համաձայն» եւ հանկարծակի որոշում գնալ տուն:
Բայց հիշենք, որ օրեր առաջ նույն ինքը` փոխնախարար Հարությունյանը, խորհրդարանում բախումներ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ. փոխնախարարն իրեն ոչ վայելուչ պահեց Ազգային ժողովի նկատմամբ, ինչի առիթով Արարատ Միրզոյանը, դիմելով փոխնախարարին, ասել էր. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել. թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի` ոնց ինքը աշխատի»:
Եւ հիմա տեսակետ է շրջանառվում այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի հնարավորություն ունենա իր հարաբերություններն Ազգային Ժողովի հետ վերականգնել: Մյուս կողմից նկատենք, որ վերջին շրջանում բավականին լարված են ոչ միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Թորոսյանի, այլեւ նախարարի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հարաբերությունները:
Պարզվում է, որ «Իմ Քայլը» խմբակցությունից մի խումբ պատգամավորներ եւս բողոքել են փոխնախարարի պահվածքից,բայց, փաստորեն, այս ամենն ուղղակի զուգադիպություններ են: Իրական պատճառն այն է, որ Հարությունյանի հայրը Ազգային անվտանգության ծառայությունում Հայաստան համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Մեզ հասած տեղեկություններով` իրականում փոխնախարարի ազատումը բավականին խորը արմատներ ունի: Ենթադրվում է, որ այս քրեական գործի շրջանակներում իր հոր հետ կապ ունենալն է եղել պատճառ, որ փոխնախարարին հեռացրել են աշխատանքից: Այժմ նրա հորը կալանավորել են կամ ձերբակալել, դեռեւս հայտնի չէ: Ինքը` Հարությունյանը, չցանկացավ պատասխանել մեր հարցերին:
Ենթադրվում է, որ Թորոսյանն ազատվեց փոխնախարարից, որպեսզի կոռուպցիոն որեւէ պատմության հետ իր անունն առնչություն չունենա: Այսինքն` իրեն ապահովագրել է, որպեսզի քննադատության սլաքներն իր ուղղությամբ չգնան, կամ էլ այդպես նա իր անունն է պարզապես մաքրում:
Սյունէ Համբարձումյան