Համանախագահները տարածաշրջանում են. կարևոր փաստ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդները, ըստ պաշտոնական տեղեկատվության, Արցախի ղեկավարության հետ քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սահմանային իրավիճակին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը վերահաստատել է Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ դարձյալ շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Իսկ մինչ այդ համանախագահներին Երեւանում ըդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Ըստ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության` «անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը եւ դրան ուղղված քայլերին»:

Միջնորդները Երեւանում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը անդրադարձել են սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած քննարկումներին եւ այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Ուշագրավ է, որ մինչեւ միջնորդների հետ հանդիպումը վարչապետ Փաշինյանը նույն օրը` հոկտեմբերի 15-ին, Երեւանում հանդիպել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Եւ դարձյալ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հայկական երկու պետությունների ղեկավարները «քննարկել են Հայաստան-Արցախ կապերի զարգացմանը եւ ամրապնդմանը վերաբերող հարցեր»: Ի դեպ, արցախյան այցից հետո էլ նախատեսվում է միջնորդների հանդիպումը Ադրբեջանի ղեկավարության հետ:

Իսկ մինչ այդ այս հանդիպումների ֆոնին կարեւորվում է թերեւս նաեւ այն փաստը, որ հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը, ադրբեջանական Turan գործակալության հաղորդմամբ, Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Թուրք ու ադրբեջանցի ղեկավարներն անդրադարձել են նաեւ Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը: Էրդողանն, ի դեպ, Բաքու է գնացել մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին:




Լրահոս