Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը:
Սա ամսագրի դեմ հարձակման առաջին դեպքը չէ, և, ինչպես հավաստում են ամսագրի աշխատակիցները, նախորդ դեպքերից որևէ մեկը, ցավոք, չի բացահայտվել:
Հեղինակավոր լրատվամիջոցը տարիներ շարունակ զբաղվել է համահայկական կարևորության խնդիրների բարձրաձայնմամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, Արցախի Հանրապետությանն իր աջակցությամբ:
Ազատ խոսքի հանդեպ ցանկացած բռնություն կամ ճնշում մեծագույն խնդիր է ժողովրդավարական ցանկացած պետության համար:
Հայկական ամսագրի խմբագրակազմի ներկայացուցիչները հարձակումը կապում են գլխավոր խմբագիր, ֆրանսահայերի համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ, և սա տագնապալի ազդանշան է:
Մամուլի հանդեպ հաճախացած հարձակումները, հատկապես պայմանավորված քաղաքական իրողություններով, պետք է դառնան բոլորի խստիվ դատապարտման առարկան: