Արեւմուտքի ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից Human Rights Watch-ը (HRW, կենտրոնակայանը՝ Նյու Յորք) սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին, փաստելով, որ հոկտեմբերի 19-ին և 20-ին Բաքվի իշխանությունները բռնի ուժի կիրառմամբ են ցրել խաղաղ ցույցերը:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածներին: Կազմակերպությունը կոչ է անում նաև հետաքննել ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ անհամարժեք ուժի կիրառման մասին տեղեկությունները:
«Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին իրենց կատարյալ քամահրանքը խաղաղ ցույցեր անցկացնելու մարդկանց հիմնարար իրավունքի հանդեպ», – նշել է HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով պատասխանատու Գեորգի Գոգիան:
Նա ադրբեջանցիներին պարզաբանել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել բողոքի խաղաղ ցույցերը անգամ Բաքվի կենտրոնում: Այսպիսի պարզաբանումներ ադրբեջանցիները մեկ անգամ չէ, ի դեպ, որ լսել են, միջազգային կառույցներից :
Իրավապաշտպան շատ կազմակերպություններ բազմիցս են ընդգծել , որ Իլհամ Ալիևը, նախագահ է դարձել Ադրբեջանում անձի պաշտամունքի օրինակ դարձած հորից իշխանությունը ժառանգելու միջոցով, եւ խստագույնս են քննադատել այդ երկրին: Հենց Human Rights Watch-ը բազմիցս է նրանց հիշեցրել, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի մասնակից-անդամ է, եւ պետք է հարգի ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը:
Այդ երկրում մարդու իրավունքների վիճակին պարբերաբար են անդրադարձել ու քննադատել ԱՄՆ Պետդեպարտամենտը, Amnesty International-ը, Freedom House-ը։ Բաքվի վերջին օրերի բռնաճնշումները հայտարարությամբ դատապարտել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը : «Հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը Ադրբեջանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ազատություններն են, և մենք կոչ ենք անում կառավարությանը ապահովել և պաշտպանել այդ ազատությունները», – ըստ Turan-ի հիշեցրել է ԱՄՆ դեսպանատունը:
ՏԱՍՍ-ն էլ հաղորդում է , որ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներն էլ «ավելորդ եւ անհամաչափ» են որակել Բաքվի ոստիկանության գործողությունները: « Այս տխուր իրադարձությունները հարկ է դիտարկել հավաքների ազատության իրավունքի խախտումների համատեքստում, քանի որ սահմանափակումներ դնելը, խոչընդոտում է կառավարության քննադատների և հակառակորդների գործունեությանը»,-ասված է ԵԽԽՎ համազեկուցողներ Ստեֆան Շննաչի (Ավստրիա) եւ Ռոջեր Գեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում: