Հանքարդյունաբերողը` խոշոր հարկատուների առաջատար. ինչ փոփոխություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը: Խոշոր հարկատուների մեծ մասն ավելացրել է հարկային վճարումնե րը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետական բյուջե կատարել է 40 մլրդ 594 մլն դրամի հարկային վճարումներ: Նշենք, որընկերությունը անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս գլխավորել է ցանկի առաջին հորիզոնականը, բայց անցած տարվա երրորդ եռամսյակի համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում զգալի ավելացրել է հարկերը. անցած տարվա երրորդ եռամսյակում վճարել է 32 մլրդ 797 մլն դրամ:

Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում տեղավորվել է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա հունվար-սեպտեմբերին զգալի ավելացրել է հարկային վճարումները: Ընկերությունը պետական բյուջե վճարել է 40 մլրդ 277 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 մլրդ 695 մլն դրամի դիմաց (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 3-րդ տեղը):

Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է: Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 33 մլրդ 623 մլն դրամի հարկային վճարումներ: Ընկերությունն իր դիրքերը զիջել է. եթե նախկինում այն զբաղեցնում էր ցանկի առաջին հորիզոնականը, ապա այս տարի այն գտնվում է 3-րդ տեղում: Անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 30 մլրդ 371 մլն դրամ:

Ծխախոտի տեղական արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը զբաղեցնում է հազար խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղը եւ պետական բյուջե կատարել է 13 մլրդ 362 մլն դրամ հարկ ուտուրք: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցանկի 9-րդ հորիզոնականում է եղել` վճարած 9 մլրդ 302 մլն դրամ հարկով. 9-րդ տեղից առաջ է եկել եւ հայտնվել 4-րդ տեղում եւ բավականին ավելացրել է հարկային վճարումները:

Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուսընկերությունը` «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքիոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 12 մլրդ 523 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է 12 մլրդ 363 մլն դրամ հարկ ուտուրք:

Հազար խոշոր հարկատուների ցանկի 6-րդ տեղում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը` 10 մլրդ 750 մլն դրամ հարկ ուտուրքով: Այս ընկերությունը եւս ավելացրել է հարկերը, նախորդ տարվա երրորդ եռամսյակում վճարել է 8 մլրդ 674 մլն դրամ:

Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է ցանկում առաջ եկել եւ փոքր-ինչ ավելացրել հարկերը: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը 8-րդ տեղում էր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 7-րդ` 10 մլրդ 537 մլն դրամի չափ վճարած հարկով:

Հազար խոշոր հարկատու համարվող ՀԷՑ-ը մեկ տարվա ընթացքում փոքր-ինչ ավելացրել է հարկերն ուտուրքերը, օրինակ` նախորդ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 9 մլրդ 866 մլն դրամ հարկ ուտուրք: Բայց, չնայած սրան, այս տարվա 9 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը 2.2 տոկոսով նվազել է:

ՀԷՑ-ին հաջորդում է ծխախոտի բիզնեսով զբաղվող «ՖիլիպՄորիս Արմենիա» ընկերությունը, որըտեղ գտնելովխոշոր հարկատուների ցանկի 8-րդ տեղում` վճարել է 9 մլրդ 701 մլն դամ հարկ ուտուրք: Այս ընկերությունը, նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածում պակասեցրել է հարկերը: Ի դեպ, անցած տարվա երրորդ եռամսյակում «ՖիլիպՄորիս Արմենիա»-ի հարկային վճարումները կազմել են 10 մլրդ 101 մլն դրամ: «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը ցանկի 9-րդ հորիզոնականում է` 9 մլրդ 263 մլն դրամ հարկ ուտուրքով:

10-րդ տեղում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «ՍիՓի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որի հարկային վճարումները կազմել են 9 մլրդ 103 մլն դրամ: Այս ընկերությունը զգալի նվազեցրել է հարկերը: Եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակում այս ընկերությունը ցանկի 5-րդ տեղն է զբաղեցրել` 13 մլրդ 175 մլն դրամ հարկով, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 10-րդն է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս