Երեկ Երեւանի սրճարաններից մեկում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հանդիպել ու մտերիմ զրույցի էին բռնվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մի քանի հարցեր ուղղել իր աշխատանքային լիազորությունները դադարեցնելու հետ կապված, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց` խնդրելով` թույլ տանք «վայելել իր կրուասանը»:
Երեկ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ:
-Պարո՛ն Սահակյան, հանդիպել եք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ում դեմ այս օրերին պրոցեսներ են ընթանում, իշխանությունները նախաձեռնել էին նրա լիազորությունները դադարեցնելու գործընթաց, սակայն, կարծես թե, դա նրանց չհաջողվեց: Զրուցե՞լ եք այս հարցերի շուրջ Հրայր Թովմասյանի հետ, ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք այս խնդրի առնչությամբ:
-Վերջին իրադարձությունների ժամանակ մի քանի անգամ զանգել եմ պարոն Թովմասյանին, որպեսզի իր որպիսությունը հարցնեմ եւ նաեւ իր դուստրերի հետ կապված հարցի վերաբերյալ տեղեկանամ մարդկային, ընկերական հարթության մեջ: Նախ ասեմ հետեւյալը. եթե Հրայր Թովմասյանի հետ ներկայիս իշխանությունները աշխատում են արդեն մոտավոր երկու տարի եւ տարբեր միջոցառումների գնում են ու իրար կողք են նստում, չգիտեմ, գնում են Էջմիածին, գնում են տարբեր մշակութային միջոցառումների, տարբեր համապետական միջոցառումների եւ նոր են հիշում, որ ինչ-որ խնդիրներ կան Թովմասյան Հրայրի պաշտոնավարման ժամանակահատվածում, տարբեր տեղեր, ինձ համար սա, իհարկե, կասկածի տեղիք է տալիս:
Ես` որպես իրավաբան, քրեական գործի հետ կապված որեւէ բան չխոսեմ իրավական առումով, որովհետեւ դա իմ կողմից կլինի ոչ իրավաբանի պահվածք. եթե հարուցված է քրեական գործ, թողնենք, թող քննությունը գնա, բայց այն ինչ տեղի է ունենում վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ` կապված տարբեր հարցերի հետ, մի բան ես կարող եզրակացնել. եթե որեւէ այսօրվա պաշտոնյա չի գոհացնում օրվա իշխանություններին, ապա ամեն գնով, ամեն կերպ նույնիսկ ժողովրդավարության, իրավական պետության հիմնասյունները ոտնատակ տալով փորձում են հասնել իրենց նպատակին, ապա տպավորություն է, որ ՀՀ-ն ինչ-որ կղզյակ է ու միջազգային որեւէ կարգ ու կանոնի, որեւէ նորմի չի ենթարկվում:
-Ներկայիս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ նախորդ իշխանության բոլոր պաշտոնյաները պետք է հրաժարվեն ու հեռանան, քանի որ իրենք են հեղափոխությունն արել եւ իրավունք ունեն ՀՀ-ի բոլոր ոլորտներում ունենալ գերակայություն: Դուք համակարծիք չե՞ք, որ Հ. Թովմասյանը Ձեր իշխանության պաշտոնյաներից է ու իր դիքորոշումներով տարբերվում է ներկայիս իշխանությունների ներկայացրած տեսակետներից, ու ճիշտ կլինի նրա հրաժարականը:
-Բայց երկու տարի հետո նո՞ր հիշեցին, որ Հրայր Թովմասյանը նախորդներին է ներկայացնում: Եթե եղել է իշխանափոխություն, հեղափոխություն, ինչ ուզում եք անունը դրեք, եթե եկել է նոր թիմ, մարդիկ ո՞նց են անում, ասում են` ժողովուրդ նախկինի ներկայացուցիչ եք, այս եք կամ այն եք, մենք եկել ենք մեր թիմով, մեր պատկերացումներով, թողեք գնացեք:
Եթե այս պրոցեսը սկսվեր, ենթադրենք, 2018 թվականին, այն ժամանակահատվածից, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն էր, մենք արդեն դա կհասկանայինք, դա տրամաբանության մեջ է, բայց անցնում է տեւական ժամանակ, տարբեր միջոցառումների շատ ուրախ, շատ ժպիտով միմյանց փոխադարձ բարեւում են, զրուցում են, խոսում են, ես դա չեմ կարող հասկանալ: Դրանք կան լրատվամիջոցներում, դրանք կան տեսանյութերում, ես այնտեղ եմ դրանք տեսել:
Հարմար չի, հանում ենք, հարմար չի, մնո՞ւմ են: Նույնը վերաբերում է նաեւ իրենց կողմից նշանակված ուժային կառույցներին. այս ճանապարհով մենք իրավական պետություն չենք կարող կառուցել: Եթե կան սկզբունքներ, աշխատում ենք, ուրեմն աշխատում ենք, եթե հարմարվողականությունն ու անձի համար գործող իրավապահ համակարգ պետք է լինի, այս պայմաններում ես համարում եմ անթույլատրելի: Սահմանադրական դատարանը, եթե անգամ նախորդ իշխանությունների հետ ունի կապ, կամ ընտրվել է նախագահը այն ժամանակ, ապա այս պարագայում, որպես դատական համակարգի ամենավերին օղակ ՀՀ-ում, պետք է հենց նույնիսկ այս պարագայում մնա հենց այսպես:
Չէ՞ որ իրենք ընդդիմություն լինելու ժամանակ հայտարարում էին, որ վերահսկող մարմինները տվեք մեզ, ու այսօր դատական կայուն համակարգ զարգանալու համար, ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա Սահմանադրական դատարանի նախագահ: Եթե ինքը որեւէ ապօրինի քայլեր անի` որպես ՍԴ նախագահ, կամ դատարանին կդրդի, որպեսզի որեւէ ապօրինի քայլեր կատարի, ապա այդ դեպքում դրա դեմ պայքարելու տարբեր մեխանիզմներ կան: Այդ ժամանակ արդեն կարող ենք բոլորս պայքարել ու ազատվել նման մարդկանցից, բայց սա այսօր իսկապես անթույլատրելի է, ու այն մեր արդարադատության հիմնահատակ վերացումն է` չմարսած դատարանների դռների մուտքերը շրջափակելը: Ես կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ մտահոգվելու եւ մտորելու առիթ ունենք:
-Իսկ ի՞նչ տրամադրվածություն ունի Հ. Թովմասյանն այս ամենի հետ կապված, արդյոք չի՞ մտածում ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին:
-Ես Հրայր Թովմասյանի հետ որեւէ քաղաքական հարցի շուրջ չեմ խոսել, ընդամենը փորձել եմ հասկանալ` ինչպես է տրամադրությունը: Այլ հարցերի շուրջ մենք քննարկում չենք ունեցել. ինչ տրամադրվածություն ունի, ինչ որոշում ունի` ես չեմ կարող ասել. չենք խոսել այդ մասին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ