Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը (Freedom on the Net 2019): Ըստ այս միջազգային փաստաթղթի` Հայաստանում ինտերնետը ազատ է: Freedom House-ի փորձագետները ազատ են համարում այն երկրները, որոնք դասվում են 70-ից 100 միավոր վաստակածների շարքում:
Մեր երկիրը 76 միավոր ունի: 0-ից 39 միավոր ունեցողները անազատ երկրներն են: Հայաստանի երեք հարեւանները, ըստ Freedom House-ի, ոչ ազատ են` Ադրբեջանը` 39 միավորով, Թուրքիան` 37, Իրանը` ընդամենը 15: Ըստ Freedom House-ի` աշխարհի կառավարությունները հետզհետե ավելի ակտիվ են կիրառում սոցիալական ցանցերը, օրինակ, ընտրությունների ընթացքում քաղաքացիների հանդեպ հսկողությունն ուժեղացնելու նպատակով: Որոշ երկրներում էլ ղեկավարները իշխանությունը ցանկացած գնով պահելու համար, ըստ Freedom House-ի, արգելափակել են կայքէջերը կամ ընդհանրապես անջատել ինտերնետը:
Հիշենք, ի դեպ, որ նման իրավիճակ էր հենց վերջերս Բաքվում, երբ հոկտեմբերին ընդդիմության չարտոնված հանրահավաքը խոչընդոտելու համար Ադրբեջանի իշխանությունները շուրջ հարյուր մարդ ձերբակալելուց, մետրոյի մի քանի կայարան փակելուց բացի անջատել էին նաեւ ինտերնետը: Հենց Freedom House-ը, Human Rights Watch-ը, Amnesty International-ը բազմիցս են Բաքվին հիշեցրել, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից անդամ է եւ պետք է հարգի հիմնարար իրավունքները:
Freedom House-ի 2019-ի այս փաստաթղթում ասվում է, որ կառավարությունները մշտադիտարկման եղանակով հետեւում են քաղաքացիների առցանց ակտիվությանը` փորձելով բացահայտել հնարավոր սպառնալիքները, եւ աշխարհի 65 երկրներից առնվազն 40-ում իշխանությունը կիրառել է սոցիալական ցանցերի գերարդիական մշտադիտարկում:Համացանցի ազատության զեկույցն ամփոփում է 2018 թվականի հունիսից 2019-ի մայիս ընկած ժամանակահատվածը:
Ի դեպ, ոչ ազատ են համարվել նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ դաշնակիցներ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը: 2018-ին Հայաստանն, ըստ միջազգային իրավապաշտպան այս կառույցի գնահատականի, համացանցի առումով ազատ երկիր էր, 2017-ին` մասամբ ազատ: Առաջխաղացում արձանագրած 19 երկրներից Հայաստանը դեռեւս անցած տարի էր էապես բարելավել դիրքը եւ«մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը:Ընդ որում, այդ լավ ցուցանիշը պայմանավորել էին թավշյա հեղափոխությամբ` նշելով, թե ՀՀ-ում հեղափոխություն են կատարել` ակտիվորեն կիրառելով սոցիալական ցանցերի մեդիա հարթակները եւ համացանցով իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: