Ինչ ճակատագիր կունենա, ի վերջո, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում սենատոր Գրահամի՝ փաստաթղթի վրա վետո դնելուց հետո: Այս կետում սպառվե՞ց ամերիկյան օրենսդրի արդարադատ խանդավառությունը: Հիշեցնենք, սենատորն այդ քայլին գնաց Սպիտակ տանը Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից անմիջապես հետո:
Նկատի առնենք, որ Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը Ներկայացուցիչների տանը հաստատվեց գրեթե միաձայն՝ 405 կողմ 11 դեմ ձայներով, ու ստացվում է, որ Կոնգրեսի մի թեւը՝ Ներկայացուցիչների պալատը, որեւէ օրգանական կապ չունի մյուս թեւի` Սենատի հետ: Նախագահ Թրամփի մտերիմը համարվող սենատորն ուներ, իհարկե, այդ իրավունքը, բայց առաջ է գալիս հարցը՝ փակուղու առա՞ջ է այլեւս այս փաստաթղթի մուտքը սենատ:
Ամենեւին էլ այդպես չէ: Գրահամը կարող է բացարձակ մենակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունն էլ աջակցի բանաձեւին՝ աչքի առաջ ունենալով Գրահամի ու թուրքական լոբբիստների սերտ կապերը: Հանրահայտ են նրա ֆինանսավորումները թուրքական կողմից: Դեռեւս 2016-ին է Գրահամին ակտիվ ֆինանսավորել հենց նախագահ Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil):
Իսկ Մութլու Հալիլը թուրք լոբբիստ է, որը Թուրք-ամերիկյան ազգային հանձնաժողովի (Turkish American National Steering Committee (TASC)) համանախագահն է: Հենց գործընկեր-սենատորների հնարավոր ճնշումից բացի, կանոնակարգի համաձայն, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Մքքոնելն էլ իրավունք ունի շրջանցել այդ վետոն եւ փաստաթուղթը ներկայացնել քննարկում- քվեարկության:
Այս դեպքում, ի դեպ, վետոն կիրառած սենատորը քվեարկությունը միայն ձգձգելու հնարավորություն կունենա՝ քննարկումներ,լսումներ կազմակերպելով: Ինչեւէ, փաստաթղթի՝ Սենատում հայտնվելու հնարավորությունները սպառված չեն, գնդակն, ինչպես ասում են, հայկական լոբբիի դաշտում է:
Պաշտոնական Երեւանն, ի դեպ, անպատասխան չթողեց Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունները` ընդգծելով, որ այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնել ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության եւ պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը եւ հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: