Չնայած Սպիտակ տանը վերջին օրերին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Էրդողանի ու Թրամփի ջերմ հանդիպմանը եւ այդ օրերին հենց ամերիկացի սենատորի ձեռքով ու թուրք ղեկավարի սրտով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի՝ Սենատ մուտքի վետրոյի կիրառմանը` Էրդողանն, այնուամենայնիվ, ամերիկյան այդ ջերմությունից հետո էլ ռուս-թուրքական մերձեցումից չի հրաժարվում: Պաշտոնական Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերից: Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն հայտարարել է, թե ռուսական S-400 (C-400) համակարգերից հրաժարվելու մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, ստորագրված փաստաթուղթ կա, ու այն վերջնական որոշում է։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդել է, թե Քալընն ասել է. «Միացյալ Նահանգներից կամ այլ երկրներից հնչող մաքսիմալիստական առաջարկները խախտում են մեր ինքնիշխանությունը եւ բացարձակ անընդունելի են»: Էրդողանի մամուլի խոսնակը պարզաբանել է, թե Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարման աղբյուրները եւ՛ պաշտպանական, եւ՛ էներգետիկ ոլորտներում։ Ռուսաստանից S-400-ի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիային սկսվել է ամռան կեսից ու անընդմեջ քննարկման թեմա է դարձել, այն նույնիսկ ճգնաժամով է սպառնում թուրք-ամերիկյան հարաբերություններին: ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել. «Եթե Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգթոնի հետ, պետք է հրաժարվի ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերից»:
Այնինչ Էրդողանն էլ իր հերթին է հայտարարել, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը եկող տարվա ապրիլից արդեն լիարժեք կգործարկվեն: Վաշինգթոնը սպառնում է չեղարկել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը, ավելին՝ ԱՄՆ-ն սպառնում է նաեւ սահմանափակումներ կիրառել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքով: Բայց, միեւնույնն է, S-400 զենիթահրթիռային համակարգերի մասին 2.5 միլիարդ դոլարի արժողության համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել են դեռեւս 2017-ին ու այսօր էլ զարկ են տալիս այս գործարքին:
Այդ նպատակով Ռուսաստանը Թուրքիային վարկ էլ է տրամադրել, եւ Անկարային կհասնեն ոչ միայն ռուսական հրթիռները, այլ նաեւ դրանց արտադրման տեխնոլոգիան: Ինչպե՞ս կարտացոլվի ռուս-թուրքական այս հարաճուն ջերմացումը Հայաստանի վրա: Ամեն դեպքում, այդ երկրների սերտացումը երբեւէ դրական անդրադարձ չի ունեցել մեր երկրի վրա. պատմությունն է աչքի առաջ: