Որքան Բաքվում աճում է ներքին լարվածությունը, այնքան փադիշահն այն փորձում է պարպել` հակահայկական հռետորաբանության իր էժան հնարքին դիմելով: Ալիեւը Բաքվի պետական համալսարանի 100-ամյակի առիթով ուսանողների հետ հանդիպմանը դարձյալ զարկ է տվել իր վառ երեւակայությանը: Սեփական երկրի ցրվող խորհրդարանի մասին մոռացած` անդրադարձել է Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններին, մեր երկիրն անվանել «ֆաշիստական պետություն»:
Իսկ Երեւանում ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմանն անդրադառնալով` Բաքվի բռնապետը հայտարարել է, թե Երեւանի կենտրոնում Նժդեհի հուշարձանը պետք է ապամոնտաժվի` հիշեցնելով, որ այն տեղադրվել է Հայաստանի նախկին իշխանությունների օրոք:
Ալիեւն, ըստ ամենայնի, լավ չի յուրացրել Հայաստանի վարչապետ Փաշինյանի լիկբեզը հենց այս թեմայով վերջերս Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, երբ արձագանքեց Ալիեւի «ֆաշիստական» նույն պատկերացումներին ու շեշտեց. «Իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, եւ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարեւոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ»:
Բայց Ալիեւն այսօր էլ շարունակում է նույն երգը երգել. Ապշերոնում խառն են, ներքին լսարանը շեղելու խնդիր կա: Երեկ իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստում որոշել են ցրել խորհրդարանը, եւ այդ հարցն օրենսդիրն այսօր կքննարկի: Ներքաղաքական ճգնաժամից շեղելու ճիգով Ալիեւն ուսանողների մոտ գլուխ էլ է գովել. «Մուսուլմանական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նրանց կոչ եմ անում չգրկախառնվել Հայաստանի հետ»` անթաքույց հրապարակային դարձնելով, որ իրեն դուր չի եկել նաեւ այն փաստը, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի մուսուլմանական երկրների հետ:
Դժվար է ասել, թե նախօրեին ՀԱՊԿ խորհրդի բիշքեքյան նիստում ինչպիսի ջերմությամբ են նաեւ մուսուլմանական երկրների ղեկավարները «գրկախառնվել Հայաստանի հետ», բայց հայտնի է, որ այս նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար»:
Ապա հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: