ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվել զորամասում. ուշագրավ մանրամասներ ողբերգական դեպքերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր մանրամասներ Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նախնական վարկածով ինքնասպանությունից: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պարանը, որով զինվորը կախվել է ծառից, գնել են Կոմիտասում գտնվող շինանյութի խանութներից մեկից:

Ի դեպ, նախնական զննության արդյունքներով` զինվորի մարմնի վրա ոչ մի բռնության հետք չի եղել: Հիշեցնենք, որ Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնել, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զինվորի մահվան գործով տարվող քննությունից մանրամասներ էր հայտնել, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է շուրջ 30 անձ`ներառյալ զորամասի զիծառայողները եւ հրամանատարական կազմը:

Մեզ հասած լուրերով` վերջիններս ասել են, որ Վահանը շատ հարգված ու մաքուր զինվոր է եղել եւ զորամասում երբեւէ ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել:

Սակայն մինչ հարազատների հետ խոսելը իրավապահները գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ բերել: Մասնավորապես, մեզ հասած լուրերով` պարանը, որով զինվորը կախվել է, չի պատկանել զորամասին եւ, առհասարակ, նման պարան զորամասում չի էլ եղել: Եւ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կոնկրետ անձ է Վահան Մուշեղյանին պարանը տվել: Իրավապահները գտել եւ քննել են պարանը տվողին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է անձի ինքնությունը, նաեւ թե ինչ նպատակով է նա պարանը տվել, սակայն նախաքննության շահերից ելնելով` առայժմ անուններ չենք հրապարակում:

Ու մինչ իրավապահները բացահայտում են այս ողբերգության պատճառները, երեկ հերթական դեպքն արձանագրվեց: ժամը 06:50-ի սահմանում ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանություն է եղել Արթուր Աջամյանի եւ զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի միջեւ: Արթուրը կրակել է Դավիթի վրա եւ մտածելով, որ նա մահացել է, ըստ ամենայնի, վախից ինքնասպան է եղել:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Դավիթ Մելիքբեկյանը չի մահացել, բայց ծանր վիրավորում է ստացել:
10 օրվա մեջ սա բանակում երկրորդ սահմռկեցուցիչ դեպքն է, ինչը, ըստ էության,պետք է մտահոգի զինված ուժերի ղեկավար Արտակ Դավթյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս