Երեկվանից համացանցում քննարկվում է իմքայլական պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Սոֆյա Հովսեփյանի թեժ վիճաբանությունը մեդիա տիրույթում: Ըստ երևույթին՝ պատգամավորների ջուրը մի առվով չի հոսում, հիմնական պատճառներից է Մարալիկի ծննդատան վերջնական փակվելը:
Ինչևէ, պատգամավորները միմյանց հասցեին հնչեցրին սուր քննադատական, նաև վիրավորական արտահայտություններ: Բանը հասավ նրան, որ Կարեն Սարուխանյանը հորդորեց Սոֆյա Հովսեփյանին ամուսնանալ, ինչն էլ ավելի սրեց իրավիճակը:
ArmLur.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցույթան ղեկավար Լիլիթ Մակունցը բավականին նեղսրտած գործընկերների հետ կապված միջադեպից զանգահարել և խնդրել է հանդիպել, սակայն զբաղվածության պատճառով հանդիպումն այդպես էլ չի կայացել:
«Ես տիկին Մակունցին ասացի, որ չեմ կարող գնալ իր հետ հանդիպման, քանի որ զբաղված էի, ունեի պայմանավորվածություններ: Որոշեցինք այնպես, որ երբ երկուսիս հարմար կլինի, այն ժամանակ էլ կհանդիպենք: Դրանից հետո Լիլիթ Մակունցի հետ էլ չեմ զրուցել, և զրուցելու բան էլ չկա»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:
Հարցին՝ արդյոք Լիլիթ Մակունցը հանդիպել է Կարեն Սարուխանյանին, և ինչ են խոսել, Հովսեփյանն ասաց. «Լիլիթ Մակունցն ասաց, որ Կարենն անընդունելի բան է ասել, և շատ նեղված էր նրա արտահայտություններից, և երեկ Կարեն Սարուխանյանը պետք է հանդիպեր Լիլիթ Մակունցին, սակայն չգիտեմ՝ հանդիպել են, թե ոչ»:
Հավելենք, որ Կարեն Սարուխանյանը, անդրադառնալով այսքան քննարկված «Ամուսնացիր, կանցնի» արտահայտությանը, քիչ առաջ նշել է. «Տիկին Հովսեփյանից պահանջում եմ իր մեղադրանքները հիմնավոր փաստերով ներկայացնել և պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած քննարկման։ Իսկ երկրորդ խորհրդիս մասով եթե սխալ կերպ է ընկալվել նրա մոտ, ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով, որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա այնքան ազնվություն, որ իր խոսքերը չապացուցելու դեպքում հետևի իմ օրինակին և հանրային ներողություն խնդրի ինձ անհիմն մեղադրելու համար»:
Այս մասով Սոֆյա Հովսեփյանից ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ նա նույնպես պատրաստ է փաստերով ցանկացած տեղ, ցանկացած քննարկման մասնակցել:
Լիդա Եղիազարյան