Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության հանդիպումն ավարտվեց: Վարչապետը հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, ի տարբերություն վարչապետի, զրուցեց լրագրողների հետ.
«Սա ընդհանուր աշխատանքային հանդիպում էր: Եվս մեկ հանդիպում եղել էր անցած տարի: Մենք արձանագրեցինք, որ հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, քանի որ հարցեր են կուտակվում:
Մենք քննարկում էինք ոչ թե խնդիրները, այլ արձանագրում էինք` ինչ խնդիրներ կան և գծում էինք ճանապարհները: Կան խնդիրներ, որոնք լուծման ընթացքում են, Կառավարության հետ պետք է լուծենք այդ խնդիրները: Շինթույլտվությոնների համար աննախադեպ թվեր ունենք: Բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվեն: Քանակը շատացել է»,-ասաց նա:
Խոսելով շինթույլտվությունների մասին՝ քաղաքապետն ասաց, որ աննախադեպ քանակի դիմումներ են ստանում։ «Մենք կոնկրետ քաղաքականություն ունենք, որ շինթույլտվությունները պետք է համապատասխանեն բոլոր նորմերին և դրա համար ժամանակ է պետք։
Մարությանն ասաց նաև, որ ապօրինի զավթված այգիները քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի․ «Ամբողջ երևանում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն և դրանք հանվում են քաղաքից, սրճարանները նույնպես, վերադարձվում են ապօրինի զավթված այգիները։ Պրոցեսը պետք է լինի շարունակական և երկար: Հողակտոր ունեցող մարդկանց մտքով երբևէ չէր անցնի, որ կարելի է դիմել քաղաքապետարան և շինթույլտվություն ստանալ: Այսօր բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվել, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումը ողջունում ենք, բայց միևնույն ժամանակ այս բոլոր դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետև մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու: Դրանք բոլորը պետք է նորմերին համապատասխանեն, և այս ամենը ճիշտ մշակելու համար, բնականաբար, ժամանակ է հարկավոր: Ֆիքսենք, որ շատացել են և՛ քանակը, և՛ որակը»,- ասաց քաղաքապետը: