Այսօր տեղի ունեցավ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության և Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք Աշխատանքային խմբի քննարկումներին մասնակցելու համար կարող էին հայտ ուղարկել հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ, որոնք պետք է ունենան առնվազն հինգ տարվա գործունեության փորձ և 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։ Ընդհանուր առմամբ դիմել էին 15 հասարարակական կազմակերպություն և 4 փորձագետ, որոնց մասնակցությունը հաստատվեց այսօրվա նիստի ընթացքում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը նիստի ընթացքում առաջարկեց երկարացնել հասարակական կազմակերպությունների դիմելու վերջնաժամկետը և փոխել ընտրության սկզբունքները՝ հնարավորություն տալով այլ հասարակական կազմակերպություններին ևս մասնակցել աշխատանքներին։ Պետք է նշեմ, որ տվյալ վերջնաժամկետը (հունվարի 20) և ընտրության սկզբունքները հաստատվել էին Աշխատանքային խմբի 2019թ. դեկտեմբերի 24-ի նիստի ընթացքում՝ քվեարկությամբ, որին կողմ են արտահայտվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այնուամենայնիվ, տիկին Իսայանի առաջարկն այսօր դրվեց քվեարկության. աշխատանքային խումբը հավանություն չտվեց առաջարկին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ժամանակավորապես «թայմ աութ» է վերցնում խմբի աշխատանքներին մասնակցելուց, և պետք է քննարկեն իրենց հետագա մասնակցության նպատակահարմարությունը։
Այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց նաև օրենսդրական հնարավոր կարգավորման շրջանակները, ինչպես նաև «ատելության խոսքի» սահմանները և սահմանումները։ Քննարկումները կշարունակվեն փետրվար ամսին։