ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հանգամանքը: Մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, եւ 2021-ին լինելու է երեք քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։
Եվ, ահա, հայեցակարգն արդեն դրվել է հանրային քննարկման: Ինչպես հայտնի է, ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Եվ ստացվում է՝ այս դեպքում կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ Արդարադատության նախարարության խոսքով՝ այդ դեպքում կոռուպցիոն հանցագործությունների քննությունը արդյունավետ չի կարող լինել:
Սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում դժգոհություններ կան, եւ ուժային կառույցների ներկայացուցիչները կարծում են, թե այն կոմիտեն, որը ստեղծվելու է, բերելու է շահերի բախման, քանի որ ամբողջ լիազորությունները կենտրոնացնում են մեկ մարմնի ձեռքում: Բացի այդ, նշվում է, որ այդ մարմինը չի կարող ունենալ զսպման եւ հակակշիռների մեխանիզմներ: Լինելու է ինքնագլուխ, լճացած մարմին։ Սա առաջին հանգամանքն է, իսկ մյուս կողմից՝ արձանագրենք, որ այժմ բոլոր ուժային կառույցներում արդեն առկա են կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող բաժիններ, եւ այստեղ հետաքրքիր է նաեւ, թե ինչ է լինելու այդ քննիչների, դատախազների կամ այլ աշխատակիցների հետ, քանի որ նրանք պրոֆեսիոնալ աշխատակիցներ են, իսկ, ահա, նոր ստեղծվելիք կենտրոնի կազմում անդամները ընդգրկվելու են մրցույթով, այսինքն` այնպես չէ, որ այժմ բոլոր աշխատող քննիչները պահպանելու են իրենց աշխատանքը:
Սակայն սա էլ միակ դժգոհությունը չէ. նման խնդիր առկա է նաեւ Գլխավոր դատախազության համակարգում: Ինչպես հայտնի է, հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է նոր բաժնի ստեղծում նաեւ այս համակարգում: Եվ այստեղ եւս դժգոհություններ կան, քանի որ այս կառույցը եւս արդեն իսկ ունի նմանատիպ գործերի հսկողության վարչություն: Ի՞նչ է լինելու այս վարչության հետ, արդյոք այստե՞ղ էլ ականատես կլինենք գործազուրկների:
Իհարկե, մյուս կարեւոր հանգամանքը Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն է. ի վերջո, որքա՞ն աշխատավարձ կստանան նրանք: Տարաբնույթ տեղեկությունների համաձայն՝ այս նոր կառույցում աշխատավարձերը բավականին բարձր են լինելու, եւ դա էլ իր հերթին ենթադրում է, որ այն անհավասար պայմաններ է ստեղծում մյուս կառույցների՝ այլ հարցերով զբաղվող քննիչների համար, եւ չի բացառվում, որ այսպիսով կադրերի արտահոսք կարող է լինել:
Բացի այդ, այս նոր ստեղծվելիք կառույցը տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` «Բաց հասարակություններ հիմնադրամի» լոբբինգն է: Եվ նրանց հուշելով՝ Արդարադատության նախարարությունը վերցրել է Ուկրաինայի եւ Մոլդովայի տարբերակը, որոնք, սակայն, ըստ էության, ձախողել են։ Եվ չնայած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել էր, թե ուսումնասիրվել է բազմաթիվ երկրների փորձը, եւ ձախողում չի տեսնում, սակայն մասնագետներն այլ բանի մասին են վկայում եւ արդարացի հարց բարձրացնում, թե ինչու ենք այլ երկրների ձախողված փորձերին հետեւում:
Այսպիսով, ակնհայտ է, որ առաջիկայում դժգոհությունների եւս մի ալիք կբարձրանա։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՑՈՒՐՏ Է ՇԵՆՔՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել հանրային առողջապահության օրդինատորները եւ դժգոհում են, որ վճարել են գումար, բայց պատշաճ կրթություն չեն ստանում, քանի որ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում շենքային պայմանները շատ վատն են: Նրանց խոսքերով՝ այնտեղ անգամ ջեռուցում չկա, իրենց զգուշացրել են, որ չգան դասի, քանի որ շենքում ցուրտ է։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ինստիտուտի տնօրեն Ալիկ Բազարչյանին եւ հետաքրքրվեց՝ արդյոք արդարացի է, որ ուսանողները վճարում են վարձ, բայց կրթություն չեն կարողանում ստանալ: Սակայն Բազարչյանը հրաժարվեց մեկնաբանել՝ հորդորելով դիմել Առողջապահության նախարարություն: Իսկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Վստահեցնում ենք, որ նման խնդիր չկա, ուսանողները մասնակցում են քննարկումների: Բայց եթե բողոք կա, թող հանրայնացնեն: Բացի այդ, թող տնօրինությանը տեղյակ պահեն, քանի որ փաստացի տնօրենը տեղյակ չէ»:
ՏԵՂՅԱԿ ՉԷ
Սահմանադրական դատարանը դեռեւս չի շտապում մեկնաբանել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագիծը, որով, ըստ էության, Սահմանադրական դատարանին ցանկանում են դուրս թողնել սահմանադրական փոփոխությունների գործընթացից: Մասնավորապես, նրանք ոչ պարտադիր են դարձնելու այն նորմը, որով Ազգային ժողովը պետք է դիմի Սահմանադրական դատարան նախագծի սահմանադրականությունը պարզելու նպատակով: Փորձեցինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից պարզել ՍԴ-ի դիրքորոշումն այս փոփոխությունների շուրջ, սակայն վերջինս պատասխանեց, թե Սահմանադրական դատարանի աշխատակազմը օրենսդրական նախաձեռնությանը ծանոթ չէ։ «Մեր տեղեկանալու միակ եղանակը պաշտոնական գրագրությունն է։ Պաշտոնապես ՍԴ աշխատակազմը խնդրո առարկայի մասին որեւէ տեղեկատվություն չի ստացել», – փոխանցեց նա: Հավելենք, որ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով՝ ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն: ՔՊ-ն առաջարկում է նաեւ դա հանել օրենքից: Այս առնչությամբ էլ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լրատվական ծառայությունից: «Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի նաեւ նրանց տեսակետը:
ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
Հայաստանում ՌԴ դեսպանատունը քննադատել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի հետեւյալ հայտարարությունը. «Մի շարք օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաընկերություններ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար»: «Տիգրան Հակոբյանի մեկնաբանություններից անակնկալ տեղեկացանք, թե, իբր, այդ դիրքորոշմանը համամիտ է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը»,- գրված է դեսպանատան սոցցանցի էջում: «Ռուսաստանի հետ եղբայրական, դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների մասին Հայաստանի կառավարության հայտարարությունների ֆոնին տարակուսանք են առաջացնում պնդումները, թե ռուսական հեռուստաալիքները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար»,- հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:
ԱՐԳԵԼՎԵՑ
Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով, երեկվանից, արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստան կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը: Սահմանափակման հիմքը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է:
ԻՋԵՑՈՒՄ
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է 2019թ. «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդմ՝ նվազել են շուկայում առաջատար ընկերությունների մասնաբաժինները, արձանագրվել է գների էական իջեցում: Ըստ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տվյալների՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ տարածք է ներմուծվել 8 000 000 կգ շաքարավազ 47 տնտեսվարող սուբյեկտի կողմից: Ներմուծված շաքարավազը հիմնականում եղել է ուկրաինական ծագման: Նույն ժամանակահատվածում շաքարավազի արտադրությունը ՀՀ-ում կազմել է 59 800 000 կգ: