Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշում կկայացնի Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո։
Իրանական աղբյուրը հայտնել է, որ պակիստանյան պատվիրակության՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Թեհրանը կանցկացնի անհրաժեշտ քննարկումներ, որից հետո միայն կորոշվի՝ երբ և ինչ ձևաչափով կկայանա Իրան–ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը։
Նշվում է նաև, որ Լիբանանում հրադադարը կարող է «դրական ազդակ» հանդիսանալ Իրանի որոշման համար։
Աղբյուրը շեշտել է, որ ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա բանակցությունների տրամաբանական շրջանակին և խուսափի գործընթացը խոչընդոտող քայլերից՝ այդ թվում՝ չափազանցված պահանջներից կամ նախապես ստանձնած պարտավորությունների խախտումից։
Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է սկսել բանակցությունների նոր փուլը, սակայն իրանական կողմը ընդգծում է, որ դրա համար Վաշինգտոնը պետք է պահպանի որոշ սկզբունքներ։
Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը Թեհրան է ժամանել բարձրաստիճան քաղաքական-անվտանգային պատվիրակության գլխավորությամբ՝ փոխանցելու ԱՄՆ ուղերձը և նախապատրաստելու բանակցությունների հաջորդ փուլը։
Պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, անվտանգության կառույցների պաշտոնյաներ և տեխնիկական փորձագետներ։ Նրանք չորեքշաբթի ժամանել են Թեհրան։
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ իրանական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Անի Վարդանյան
























































































