Երեկ երկու ամսվա կալանքի դատապարտվեց ԽՍՀՄ ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:«Թունիսիլ տենք, Թունիսիլ տենք»,-վանաձորյան ոճով կանչեց Սամսոնը` բռունցքը պարզած` Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի ետնամուտքի մոտ, երբ նրան բերում էին դատավարության: Դատական նիստ գումարելու որոշումը կայացվել էր երեկ առավոտյան ու մինչ Սամսոն Խաչատրյանին կտանեին դատաբժշկի մոտ եւ ապա կբերեին դատարան, դատարանի բակում ՀԱԿ ակտիվիստների մի մեծ խումբ էր հավաքվել: «Սամ-սոն», «Ազատություն Սամսոնին» կոչերով մարդիկ իրենց համակրանքն ու զորակցությունն էին հայտնում ճանաչված մարզիկին: Դեռ երեկ առավոտյան «Ժառանգության» պատգամավորները երաշխավորագիր էին պատրաստել` ի պաշտպանություն Ս.Խաչատրյանի, որով երաշխավորում են, որ «Սամսոն Խաչատրյանը, ազատության մեջ գտնվելով, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, չի խուսափի քրեական պատասխանատվությունից», եւ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դեպքում նրանք պատրաստ են «գրավի արժեքի չափով դեպոզիտ ներդրում կատարել»: Սակայն, ինչպես ասաց Ս. Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը, ո՛չ պատգամավորների միջնորդությունը, ո՛չ էլ գործին առնչվող այլ նյութեր ներկայացնելու համար իրեն հնարավորություն չի տրվել: «Դատ, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Սա դատի իմիտացիա էր, թատրոն: Խնդրել էի` ժամանակ եւ համակարգիչ տրամադրեն, որպեսզի պատրաստվեմ եւ կարողանամ գրավոր առարկություններ պատրաստել: Դատարանը տվեց ընդամենը 40 րոպե ժամանակ, որի 10 րոպեն գնաց պատճեներ հանելու եւ ինձ տրամադրելու վրա, իսկ կես ժամը ակնհայտորեն բավարար չէր»,-ասաց Արա Զաքարյանը: Այնուհետեւ դատարանը հաշվի չի առել փաստաբանի միջնորդությունը գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ: Փաստաբանը հայտարարել է, որ խախտվում է պաշտպանական կողմի` «պատշաճ ձեւով նիստին պատրաստվելու իրավունքը», որ ինքն ունի ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն` նախագահող դատավորին եւ խնդրել է իրեն ժամանակ տրամադրել գրավոր պատրաստելու, ներկայացնելու համար. «Դատարանը սա բացահայտորեն անտեսեց եւ հեռացավ խորհրդակցական սենյակ: 15-20 րոպե հետո վերադարձավ եւ կայացրեց որոշում` երկու ամսով կալանավորելու վերաբերյալ»: Սամսոն Խաչատրյանի դատական նիստն իրականացնում էր Մնացական Մարտիրոսյանը: Լրագրողների` «Արդյոք վճիռը կայացնելու հարցում կարող էր տարբերություն լինել` կախված դատավորի անձից» հարցին ի պատասխան Արա Զաքարյանն ասաց. «Տարբերություններ լինում են, տարբեր դատավորներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: Այս պայմաններում հաշվի առնելով, թե Մարտիրոսյանը ինչպիսի գործեր է քննել («Յոթի» գործով, Նիկոլ Փաշինյանի եւ այլ քաղբանտարկյալների գործերով դատավարություններ – Կ.Հ.), կարծում եմ` գործի ելքը կանխորոշված էր: Սա չեմ համարում դատավորի որոշում, համարում եմ քաղաքական որոշում: Հակառակ դեպքում այդպիսի խայտառակ դատավարություն տեղի չէր ունենա»: Փաստաբանն ասաց, որ «նիստի ընթացքում խոսել է նաեւ Ս. Խաչատրյանը եւ պնդել, որ ինքը որեւէ ոստիկանի չի հարվածել, որ այնտեղ (Մատենադարանի մոտ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ-Կ.Հ.) եղել են ինչ-որ մարդիկ, որոնք կանանց եւ երեխաներին հարվածներ են հասցրել, վիրավորել են, ինքը փորձել է կանխել»: Ի դեպ, Ս. Խաչատրյանը հրաժարվել է մասնակցել դատաբժշկական փորձաքննությանը, քանի որ միջադեպից անցել է բավականին ժամանակ, եւ իր վնասվածքներն ապաքինվել են: Դատարանի բակում հավաքված Սամսոն Խաչատրյանի գաղափարակից ընկերները ընդվզում էին «Ազատություն Սամսոնին», «Ամոթ, ամոթ» կոչերով: Նրանք կարծում էին, որ հայտնի մարզիկին ձերբակալելը մի նպատակ է հետապնդում. «Շարժումը ջարդել»: «Սա ընդամենը մարտի 17-ի հանրահավաքից առաջ փորձ էր մարդկանց վախեցնելու եւ քայլ էր հանրահավաքի մարդաշատության դեմ: Բայց սա մարդկանց ավելի է զայրացնում: Իրենց բոլոր քայլերը աշխատելու են իրենց դեմ: Այսօրվանից Վանաձորում սկսվում է ստորագրահավաք` ի պաշտպանություն Սամսոն Խաչատրյանի, եւ սա, վստահ եմ, շատ կակտիվացնի Վանաձորի ժողովրդին»,-ասաց ՀՀՇ վարչության անդամ Սարգիս Թամազյանը: Արա Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը:ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՅԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ