Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը»,- ասավ վարչապետը:
ՀՀ վարչապետը հայտնեց, որ խստացվելու են միջոցառումները նաև բեռնափոխադրումների մասով: «Մենք պիտի խնդրենք, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրան տեղափոխվելուց: Մենք կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ՊԵԿ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին՝ նշելով, որ, ըստ ամենայնի, որոշ բեռների համար էլի կարվեն բացառություններ ըստ անհրաժեշտության: