«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայռուսգազարդ»-ը թերեւս ստում է` հայտարարելով, որ հանրապետության բնակավայրերի ավելի քան 90 տոկոսը գազաֆիկացված է եւ իրենց հաջողվել է գերազանցել նույնիսկ խորհրդային ժամանակների ցուցանիշները: Իհարկե, նման թվեր միգուցե Երեւանի համար հաջողվել է նկարել, բայց հենց այս ընկերության կայքը պաշտոնապես հաստատում է, որ հանրապետության որոշ մարզերի միայն 30-40 տոկոսն է գազաֆիկացված: Փոքր բնակավայրերը չեն էլ կարող բաժանորդ դառնալու մասին մտածել, քանի որ ընկերությունն  իր անելիքն արդեն ավարտած է համարում եւ չի նախատեսում նոր հորիզոններ նվաճել: Լավագույն դեպքում կառավարությունը պետք է ինչ-ինչ սոցիալական ծրագրերով ֆինանսներ հատկացնի, որպեսզի մասնավոր ընկերություն համարվող  «Հայռուսգազարդ»-ը  հարկ համարի երկնագույն վառելիքը հեռավոր գյուղեր հասցնել: Արդյունքում Շիրակի մարզի 74 բնակավայրի (գազաֆիկացված է 32-ը), Վայոց Ձորի մարզի 36 համայնքների (գազաֆիկացված է 11-ը), Արագածոտնի մարզի 63 գյուղերի (գազաֆիկացված է 36-ը) բնակչությունը անբարենպաստ գոտում է հայտնվել այն բանից հետո, երբ գազամատակարար կառույցում հաշվել են, որ խողովակները նշված բնակավայրեր հասցնելուց հետո իրենք ոչ թե գերշահույթ, այլ ընդամենը շահույթ կարող են ակնկալել: Ի վերջո, նրանք լավ են հասկանում, որ ավելի հեշտ ու նվազ ծախսատար է գազաֆիկացնել  մեկ բազմաբնակարան շենք, քան մի ողջ համայնք: Այսինքն, եթե ներդրումները շատ արագ վերականգնվող  չեն, ապա «Հայռուսգազարդ»-ը որեւէ քայլ չի անի: Ավելի քան տասը տարի Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում փակցված վճարովի ցուցանակները համոզում են, որ երկնագույն վառելիքի մուտքը փրկել է անտառը: Բայց ստացվում է, որ իրականում անտառի վերջը ոչ միայն գազի բարձր գնի, այլ «Հայռուսգազարդ»-ի բիզնես շահերից եւ մյուս քմահաճույքներից է կախված: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս