ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից տրամադրվող աջակցման գործիքների կիրառելիության և հասցեականության հետ կապված հարցերը:
Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որքան հնարավոր է փոքրաթիվ ուժերով համակարգված աշխատանք իրականացնել:
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների թվում առաջին միջոցառումը արտոնյալ եղանակով վարկային համաֆինանսավորումն է, և խնդրել է տնտեսվարողներին ներկայացնել, թե վերջիններիս խնդիրների որ մասն է այն լուծում, կա՞ն արդյոք բացեր և ի՞նչ առաջարկներ ու նկատառումներ ունեն:
Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ընկերությունների ներկայացուցիչներից ստանալ կոնկրետ տեղեկություններ` վերջիններիս գործունեության այս փուլի ամենամեծ խնդիրների վերաբերյալ և քննարկել, թե ինչպես պետք է իրականացնել տեղեկությունների պարբերական փոխանակումը, որպեսզի դրանք հաշվի առնվեն հետագա անելիքները հստակ ձևակերպելու համար:
Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են իրենց հիմնական խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ: Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները:
Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով: