«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԳԱԶԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ «Տրանսգազ» ընկերության կողմից սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է ուղարկվել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին վաճառվող տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը՝100 000 դրամ, սահմանել 135 909.6 դրամ:

Այսինքն՝ այն տարեկան մինչեւ 600 խմ սպառում ունեցող բնակչության համար կբարձրանա 36 տոկոսով։ Օրինակ, ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 139 հազար դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է նվազեցնել՝ հասցնելով 135 հազար 909.6 դրամի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս խմբում են ներառված խոշոր սպառողները՝ ԱԳԼՃԿ-ները, ջերմոցային տնտեսությունները, վերամշակող կազմակերպությունները։ Բայց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ, հակառակը, խոշոր սպառողների համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է ոչ թե նվազեցնել գինը, այլ բարձրացնել։ «Այսօրվա գործող սակագներով ունենք հինգ սպառողական խումբ։ Այդ հինգ սպառողական խմբերից առաջինը սոցիալապես անապահովներն են, երկրորդը՝ գյուղոլորտի վերամշակող կազմակերպությունները, երրորդը՝ ջերմոցային տնտեսությունները, չորրոդը՝ մինչեւ 10 հազար խմ սպառողներն են, այդ թվում՝ բնակչությունը, բացի սոցիալապես անապահովներից եւ վերջին խումբը խոշորներն են՝ ամսական 10 հազար խմ սպառում ունեցողները։ Այս հինգի համար տարբեր գներ կան սահմանած? սոցիալապես անապահովների համար տարեկան մինչեւ 600 խմ սպառման դեպքում գործող սակագինը մեկ խմ-ն 100 դրամ է, վերամշակող կազմակերպությունների, ջերմոցային տնտեսությունների համար 1000 խմ-ն  212 դոլարին համարժեք դրամ է։ Այն բնակիչները, որոնք ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեն, մեկ խմ-ն 139 դրամ է, եւ այն խոշորների համար, որ 10 հազար խմ-ից ավելի էր ամսական սպառումը, իրենց համար 242.1 դոլար է 1000 խմ»,- տեղեկացրեց Աշոտ Ուլիխանյանը։

Մասնագետի խոսքով՝ առաջարկվում է թանկացում խոշոր սպառողների՝ վերամշակողների եւ ջերմոցային տնտեսությունների եւ սոցիալապես անապահովների՝ տարեկան մինչեւ 600 խմ համար։ Իսկ, ահա, բնակչության այն հատվածի համար, որը ներառված չէ սոցիալապես անապահով խմբում եւ ամսական սպառում է մինչեւ 10 հազար խմ գազ, հակառակը, առաջարկվում է գինը նվազեցնել. այս դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է 139 դրամից այն նվազեցնել՝ հասցնելով 135.9 դրամի մեկ խմ-ի դիմաց։ Ի դեպ, վերամշակող կազմակերպություններին եւ ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա գործող սակագինը 212 դոլար է, բայց ընկերությունն առաջարկում է այն սահմանել 283.14 դոլար։ Նաեւ ամսական 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա գործող սակագինը՝ 242.1 դոլարը, ընկերությունն առաջարկում է սահմանել 283.14 դոլար։ «Այդ հինգ խմբերը տարանջատվել է, եւ իրենց համար տարբերակված սակագներ է կիրառվել, բայց հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է մեկ միասնական գին կիրառել։ Այսինքն՝ ըստ ընկերության հայտարարության՝ առաջարկվում է միասնական գին սահմանել, որը կլինի այդ 283 դոլարը կամ 139.5 դրամը։

Ընդհանուր վերցրած աճ է տեղի ունենում, որովհետեւ այսօրվա գործող սակագներով բոլոր սպառողների համար միջին կշռութային գինը դա 255 դոլար է, այսինքն՝ ընկերությունն առաջարկում է այդ 255 դոլարը սահմանել 283 դոլար։ Բայց եթե մենք նայենք ըստ խմբերի եւ տարանջատումն ըստ ընկերության առաջարկի չանենք, կստացվի, որ մեկի համար շատ է բարձրանալու, մյուսի համար՝ քիչ, իսկ մեկ այլ խմբի համար կարող է իջնել։ Բայց այս առաջարկը դեռ պետք է քննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու քննարկումների արդյունքում պետք է որոշվի՝ կիրառում ենք, թե ոչ, կամ գործողը թողնում ենք նույնը, թե ինչ-որ բան ենք փոխում»,- պարզաբանեց ՀԾԿՀ պաշտոնյան։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

Մեզ հայտնի դարձավ, որ անօթեւան մնացած ընտանիքների համար կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները մի քանի ամսով կերկարաձգվեն։ Տեղեկացնենք, որ նախատեսված էր մինչեւ այս տարվա հուլիսի 1-ն ավարտին հասցնել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված 24 ընտանիքի կիսակառույց բնակելի տների, ինչպես նառւ թվով 31 տան շինարարական թերությունների վերացման աշխատանքները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Լոռու մարզպետը 2020 թվականի մարտի 23-ի գրությամբ դիմել է Քաղաքաշինության կոմիտե այդ ժամկետը երկարաձգելու եւ հուլիսի 1-ի փոխարեն նոյեմբերի 1 սահմանելու առաջարկությամբ։ Պատճառն այն է, որ Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը կլոր անցքավոր պանելներով ուշ է ապահովվել։ Բացի այս, հայտնի է, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետեւանքով շինարարական աշխատանքները դադարեցվել են։

 

 

 

ՊԵՏԱԿԱՆՏՈՒՐՔ ԿՍԱՀՄԱՆՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում։ Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարարությունը լիազորվել է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցում իրականացնել։ Այսինքն՝ նախարարությունն իրականացնելու է պետական գրացում՝ տրամադրելով սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթուղթը։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱՆ-ն առաջարկում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր դրույթով` պետական տուրք սահմանելով սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար, իսկ պետական տուրք կսահմանվի սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

 

 

 

ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայումս հնարավոր չէ կազմակերպել որդեգրել ցանկացող անձանց եւ որդեգրման ենթակա երեխաների հանդիպումը։ Մեզ հայտնի դարձավ, որ Սոցապ նախարարությունը նոր նախագիծ է մշակել արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտության դեպքում որդեգրման ենթակա երեխաների եւ որդեգրել ցանկացող անձանց հանդիպումները օրենքով սահմանված կարգով հետաձգելու եւ արտակարգ դրության ավարտից հետո գործընթացը կանոնակարգելու մասին։ Ըստ Սոցապ նախարարության՝ արտակարգ դրության ավարտից հետո հստակ սահմանված ժամկետներում կկազմակերպվեն այդ հանդիպումները։

Ս.Հ.

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ են ընթանում։ Նրա խոսքերով՝ եթե ամիսներ առաջ գյուղատնտեսական ծրագրերը սահմանամերձ գյուղերում առանձնահատուկ էին, անտոկոս վարկեր միայն այնտեղ էին տրվում, ներկայումս գյուղատնտեսական անտոկոս վարկեր տրվում են բոլոր համայնքներում։

Մարզպետը   նշեց, որ 2020 թվականը պետք է համարել գյուղատնտեսության տարի, առկա է Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը, պետք է նայել, հաշվառել  բոլոր այն  հողերը, որոնք վաղուց չեն մշակվել կամ անարդյունավետ են մշակվել։ Այդ հողերի տերերի մի մասը արտերկրում է գտնվում։ Մարզպետը մարզի բնակիչներին կոչ արեց կապ հաստատել արտերկրում գտնվող իրենց բարեկամների հետ, որպեսզի վերջիններիս հողերը մշակելու թույլտվություն ստանան։ Հայկ Չոբանյանի խոսքերով՝ դա  հեշտ չէ. եթե հեշտ լիներ, մինչեւ հիմա արված կլիներ։ Տավուշի մարզում այժմ մեծ հետաքրքրություն կա թզի, ընկուզենու  այգիներ հիմնելու։

Մարզպետը կոչ արեց  կոոպերատիվներ ստեղծել, որովհետեւ  պետական աջակցության գործիքները շատ ավելի են կոոպերատիվների դեպքում։ Կոոպերատիվների պարագայում  հնարավոր կլինի մեծ այգիներ հիմնել, այգիները կտրտված չլինեն, որպեսզի ստեղծվեն ոռոգման համակարգեր։ Մարզպետը նշեց, որ արդյունավետ  ծրագրեր կան նաեւ մարզի  անասնապահության ոլորտում, Դիլիջան համայնքի մաս կազմող Գոշ գյուղում գործում է տոհմային մսատու  անասնաբուծական ֆերմա։ Տավուշի մարզում առկա է 50 հազար հեկտար արոտավայր. դա նշանակում է, որ մարզում կարող են պահել 50 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

Մարզպետը հայտարարեց, որ գյուղատնտեսական ծրագրերը առ ոչինչ են, եթե բնակչությունը համարձակորեն չզբաղվի դրանցով։ Փոփոխություններ կան նաեւ մարզի ոռոգման համակարգում, նախատեսվում է  4100 հեկտարով ավելացնել մարզի ոռոգելի տարածքները։ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում հսկայական պոտենցիալ կա, որի մի մասն  օգտագործվում է, հարկ է բանկային համակարգի հետ ավելի գործնական աշխատել: Շատ ֆերմերներ  վարկունակության խնդիր ունեն, բանկերը նրանց վարկեր չեն տրամադրում: Նոր գործիքակազմով կրկնակի մեղմվում է այդ խնդիրը, կառավարությունը ձգտում է, բանկերի հետ ավելի ինտենսիվ աշխատելով, երաշիքային գործիքներ կիրառել, որպեսզի բանկերի վարկային ռեսուրսներից օգտվելու հնարավորությունները մեծանան։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս