Պետության գլխավոր նպատակներից եղել եւ մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատել սեփական հողի վրա․ Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է
հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ
ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Աշխատավորների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության
հատուկ ուշադրության կենտրոնում: Իսկ ներկա պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ
մեր երկրում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվում են խիստ
միջոցառումներ ու սահմանափակումներ, այն ավելի է կարեւորվում: Մեր բոլոր գործողությունները
միտված են նրան, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին,
պահպանելով մարդկանց առողջությունը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ
աշխատանքային պայմաններ նրանց համար:

Պետության գլխավոր նպատակներից եղել եւ մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա
աշխատել ու արարել սեփական հողի վրա, ստեղծել նյութական, մշակութային եւ հոգեւոր արժեքներ՝
դրանով իսկ նպաստելով ինչպես իր եւ իր ընտանիքի բարեկեցության ու բարօրության ապահովմանը,
այնպես էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զորացմանը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»:




Լրահոս