ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանի աստղաբաշխական պարգևատրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում կատարվող պարգևատրումները շարունակվում են, իսկ որոշումները զարմացնում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արդեն նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանն ապրիլ ամսվա ընթացքում 2 անգամ պարգևատրվել է՝ ստանալով ընդհանուր առմամբ 2 միլիոն 560 000 դրամ:

Առաջին անգամ նա քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի հետ պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու համար, իսկ երկրորդ անգամ էլ՝ ապրիլի 6-ի որոշմամբ՝ ստանալով արդեն 560 հազար դրամի չափով գումար։

Նկատենք, որ այս հրամանով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի ղեկավարները, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները և Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ Սա հունվար և փետրվար ամիսների հաշվարկն է, իսկ մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակինցերին։ Պարգևատրման ֆոնդը կազմել է 29 մլն դրամ։ Բացի այդ, մեկ այլ որոշմամբ էլ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ՝203.000 դրամի չափով։

Նրա անունը չկար նախորդ կարգադրության մեջ։ Այսպիով քաղաքապետի խորհրդականներ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը պարգևատրվել են 560.000-ական դրամի չափով, իսկ խորհրդական Գարիկ Բարսեղյանը՝ 238.667 դրամի չափով։ Քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը պարգևատրվել է 400.000 դրամի չափով։

Իսկ ահա բաժնի պետերի և մյուս աշխատակիցների պարգևատրման չափերը տարբեր են։ Քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել էին նաև մարտի 2-ի կարգադրությամբ։ Խոսքը 20 աշխատակցի մասին է՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար։ Նրանց թվում են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։ Ընդհանուր՝ քաղաքապետարանի ղեկավար կազմը պարգևատրվել է 6.590.000 դրամի չափով։

Այսպիսով, ստացվում է Հայկ Սարգսյանը պարգևատրվել է մեկ անգամ մարտի հրամանով՝ 480 հազար դրամի չափով, մեկ անգամ էլ՝ ապրիլի և արդեն 1 մլն 800 հազար դրամի չափով, իսկ Տիգրան Վիրաբյանն էլ 480 հազար դրամ մարտ ամսվա համար, 203 հազար էլ՝ ապրիլի համար։ Սակայն տարեսկբից սկսած պարգևատրումներն այսքանով չեն ավարտվում․Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և վարչական շրջանի ղեկավարներին հատկացվել էր ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգևավճար որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար և ևս 600.000 դրամ պարգևավճար Ամանորի միջացառումների պատշաճ կազմակերպման համար։ Հունվարի 15-ի որոշմամբ կրկին պարգևատրվել էին վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի ղեկավար կազմը։

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի 123 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականը, մամուլի քարտուղարը, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը և տեղակալները, բաժինների և վարչությունների պետերն ու տեղակալները , վարչական շրւջանների ղեկավարները պարգևատրվել էին 136.000 դրամի չափով։




Լրահոս