«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառման հնարավորությունը «Յուքոմ» ընկերության նկատմամբ հնարավոր է քննարկել բացառապես իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե այս օրենքի շրջանակներում հնարավո՞ր է պետականացվի «Յուքոմ» ընկերությունը՝ հաշվի առնելով, որ այն պատկանում է Խաչատրյաններին, որոնց ունեցվածքն արգելանքի տակ է և բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։
Ընդգծենք, որ այս հարցումը նախարարությանն ուղարկել էինք ավելի վաղ, քան հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Վերջինիս ևս այս ընկերության մասով հարցեր էինք ուղարկել, որին նա պատասխան տվեց հենց իր պաշտոնական հաղորդագրության միջոցով։
Մանե Գևորգյանը մասնավորապես նշել էր․ «Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:
Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»:
Մանրամասները` տեսանյութում