ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին և ներկա ո՞ր պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 21-ին գրել էր, որ «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով վերջինիս երկու որդիներն ազատվել են ծառայությունից: Փորձել էինք հարցերի պատասխանը ստանալ զինվորական դատախազ Վահե Հարությունյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, ասել էր, որ դիմե՛ք լրատվական բաժին: Իսկ ահա Գլխավոր դատախաղություն էլ հորդորել էր դիմել Պաշտպանության նախարարություն: Ասել է, թե կողմերը միմյանց վրա էին գցում բարձրացված հարցը, իսկ ահա ՊՆ-ն մեղմ ասած վախից որոշեց այլ պատասխան տալ:

Իսկ ինչ էին պատասխանել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Զինդատախազի որդիների չծառայելու մասով. «Ձեր ունեցած տեղեկությունները մեծ չափով իրականությանը չեն համապատասխանում: Նախ՝ զինվորական դատախազը ձեր նշած զորակոչի տարիքի որդի չունի: Երկրորդ՝ նրա որդիները հաշվառված են պահեստազորում, նրանք զինվորական ծառայությունից ազատվել են՝ օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ հետազոտությունների եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից հաստատված՝ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ ընթացքում Վ. Հարությունյանը չէր զբաղեցնում ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, ինչը փաստում է, որ անհիմն են նրա պաշտոնեական կարգավիճակի հետ կապելու բոլոր փորձերը: Իսկ իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք դիմել իրավասու պետական մարմնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հաշվի առնելով, որ վերջինս է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում տվյալ տեղեկատվությունը տնօրինող մարմինը»:

Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն, որի պատասխանի մեջ էլ թաղված է շան գլուխը : Իսկ ի՞նչ է պատասխանել ՊՆ-ն ․ «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր հարցման ` հայտնում եմ , որ 17.05.1993 թվականին ծնված Պետրոս Վահեի Հարությունյանը եւ 06.06.1996 թվականին ծնված Էրիկ Վահեի Հարությունյանը օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից :  Հայտնում եմ նաեւ, որ նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է` հիմք ընդունելով Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքի եւ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները : Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել Պետրոս Վահեի Հարությունյանին եւ Էրիկ Վահեի Հարությունյանին»:

Հերիք չէ ՊՆ-ն վախեցել է տեղեկություններ տրամադրել Զինդատախազի որդիների ծառայությունից ազատվելու մասով եւ մի հատ էլ ուղորդում է, թե ումից կարող ենք տեղեկատվություն ստանալ :

Ըստ էության Պաշտպանության նախարարությունում մտածել են, եթե տեղեկատվություն տրամադրեն, հետագայում Զինդատախազը իրենց դեմ դուրս կգա եւ, միգուցե , նախարարության ներսում առկա խնդիրների համապատասխան ընթացք տա, ինչն էլ կարող է ճակատագրական դառնալ իրենց համար, ուստի շառ ու փորձանքից հեռու մնալու համար Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքի անվան տակ մեր հարցումը մերժել են :

Նախկիններն ու ներկաները

Այն , որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց քննություն նախկին պաշտոնատար անձանց որդիների բանակից ազատվելու գործընթացի շուրջ , բավականին կարեւոր ու ողջունելի քայլ էր: Ի դեպ, այս հանձնարարականը տվել էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով ստուգել նախկին ու գործող բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:

Արդյունքում, իրավապահները քննեցին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքերը, և այս առումով քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Մարզպետի որդին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի մասով եւս հարուցվել էր քրեական գործ : Արդյունքում պարզվեց , որ Տրդատ Խաչատրյանը զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով, իսկ ահա Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ևս մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու կամ խաբեությամբ, այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պատգամավորի որդին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, եւս մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից ապօրինի հիմքով ազատվելու համար: Սակայն այս գործով եւս քննությամբ պարզվել է, որ Ղուկասյանի որդին օրինական հիմքով է բանակից ազատվել :

Չի եկել

Իրավապահները նաեւ քննել են , թե Տավուշի նախկին Մարզպետ Հովիկ Աբովյանի որդու բանակից ազատման մասով եւս իրավապահները քննություն են իրականացրել եւ դեռ ավելին՝ մեզ հասած տեղեկությունների՝ անգամ չեն կարողացել նախկին մարզպետի որդուն քննչական մարմին հրավիրել :

Պաշտոնյա հայրիկների որդիները

Ու մինչ իրավապահները նախկինների որդիների մասով քննություն են իրականացնում, ապա հարց է առաջանում , ինչու իրավապահ համակարգը նույն ջանասիրությամբ չի ուսումնասիրում , թե օրինակ ներկայիս պաշտոնատար անձանց որդիներն ինչ հիմքով են բանակից ազատվել կամ տարեկետում ստացել :

Մասնավորապես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի որդու` Լևոն Քոչարյանի բանակում չծառայելու վերաբերյալ, ՀՀ Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որդիներ՝ Էրիկ եւ Պետրոս Հարությունյանների բանակում չծառայելու մասով, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու՝ այլ զորամաս տեղափոխվելու եւ ծառայությունը այնտեղ անցկացնելու մասով: Ինչպես հայտնի է, վերջինս զորակոչվել էր բանակ, սկզբում սովորել է ռազմական ուսումնարանում, սակայն այնտեղ խնդիրների առաջ է կանգնել, եւ նրան տեղափոխել են ծառայության, ոչ ավել ոչ պակաս, ՀՀ ՊՆ N Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում:

Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների՝ այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս