7-ամյա Աննան գումարի պատճառով դպրոց չի գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ կառավարությունն ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացվեն, մեր հանրապետությունում  բազմաթիվ աշակերտներ զրկվում են պարտադիր կրթություն ստանալու հնարավորությունից: Այսպիսի մի օրինակ է նաեւ Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկի` Մարգարայի խճուղի հասցեում բնակվող 23-ամյա Քրիստինե Ալոյանի 7-ամյա դուստրը: Վերջինս, սակայն, գումար չունենալու պատճառով չի հաճախում դպրոց:

Էջմիածին քաղաքից 4կմ հեռավորության վրա գտնվող թաղամասը` Մարգարայի խճուղին, նախկինում կոչվել է Խոզաբուծական: Հենց այստեղ էլ ապրում է 23-ամյա Քրիստինեն` իր 7-ամյա դստեր, մոր եւ երկու եղբայրների հետ: Նախկինում այս թաղամասը կցված է եղել հարեւան Գրիբոյեդով համայնքին, սակայն այն այժմ գտնվում է Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ: Նշենք, որ այս բազմանդամ ընտանիքը չունի եկամտի եւ ոչ մի աղբյուր: Քրիստինեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ամաչելով պատմեց, որ գումար աշխատում է միայն գարնան եւ ամռան ամիսներին, երբ մարդիկ իրենց հողատարածքներում աշխատանք են ունենում: Քրիստինեի եղբայրներն ամուսնացած չեն եւ չեն էլ պատրաստվում, քանի որ ընտանիք կազմելու պայմաններ չկան:

Ծանր վիճակում հայտնված բազմանդամ այս ընտանիքը ձմռան ամիսները մի կերպ է անցկացրել: Նրանք ապրուստի ոչ մի միջոց չունեն, չեն օգտվում նաեւ «Ընտանեկան» նպաստից, Օգնության ցուցակից, «Փարոս» համակարգից:

«Օր կա սոված ենք` առանց մի կտոր հացի, օր էլ կա` մի կտոր հացով: Աշխատանք լինում է` աշխատում եմ, չի լինում` տանն եմ նստում: Եղբայրներս էլ կամ աշխատում են կամ էլ ոչ: Իսկ մայրս  հիվանդ է: Այս տարի` ձմռանը աշխատանք չունեինք. էդ ձյանը հազիվ էինք կարողանում փայտ գտնել: Ես եմ հիմնականում գնացել հարեւան համայնքների հողատարածքներից փայտի կտորներ հավաքել ու բերել, որ տաքանանք»,- ներկայացրեց երիտասարդ  կինը:

Սակայն  միայնակ մոր մտահոգության գլխավոր  առարկան 7-ամյա դստեր` Աննայի դպրոց չհաճախելն է:  Հնարավորություն չունեմ, որ շորեր, կոշիկ ու տետրեր գնեմ: Ոչ մի բան չունեմ դպրոց ուղարկելու համար: Փող չկա:  «Փարոս»  համակարգից օգտվելու համար դիմեցի Էջմիածնի համապատասխան բաժին, բայց ասացին, որ պետք է երեխայի հետ միասին առանձին ապրեմ, որ ստանամ: Բայց ո՞ւր գնամ, տեղ չունեմ գնալու: Աշխատանք չունեմ, որ ունենայի, գոնե վարձով կապրեի»-հուզված ձայնով ասաց Քրիստինեն: Ի դեպ, Քրիստինեի մայրը` տիկին Հասմիկը, ով ունի առողջական խնդիրներ, թոշակ չի ստանում:

Մեր զրուցակցի խոսքով` Աննան շատ է ցանկանում դպրոց հաճախել: «Ամեն առավոտ, երբ պատուհանից տեսնում է, թե մյուս երեխաները ոնց են դպրոց գնում, ինքն էլ է ուզում, լաց է լինում ու պահանջում: Տեսնեմ, եթե էս տարի ամեն ինչ լավ լինի, կուղարկեմ, բայց գիշերօթիկ դպրոց, թե չէ այլ տեղ հնարավորություն չունեմ»,- ասաց Քրիստինեն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 7-ամյա Աննան անկեղծացավ` ասելով, որ շատ է ուզում մյուս աղջիկների նման դպրոց գնալ. «Մաման ասեց, որ փող չկա: Բայց ես շատ եմ ուզում գնամ, որովհետեւ ուզում եմ սովորել ու ատամնաբույժ դառնա»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջից  «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ-ում 2012-2013 ուս. տարում դպրոցից հեռացած (ուսումն անավարտ թողած) աշակերտների թվաքանակը կազմում է 754, որից 165-ը սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով Է դուրս մնացել, 271-ը` ցանկության բացակայության, 127-ին ծնողները չեն ուղարկում, 3-ը` խուլ են, 5-ը` կույր, 3-ը` ֆիզիկական, 10-ը` մտավոր անկարողություն ունեն:

Ի դեպ, գյուղական բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախել է 144 հազար 864 սովորող կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 39.3%-ը, որից 76 հազար 342-ը կամ 52.7%-ը` տղա է: Ըստ ԿԳՆ-ի` աճել է տարբեր պատճառներով ուսումն անավարտ թողած եւ դպրոցից հեռացած սովորողների թվաքանակը` նախորդ տարվա 758 սովորողից դառնալով 1070: Աճը կազմել է շուրջ 40.8%:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` միայն 2010թ. Հայաստանում 5480 աշակերտ դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից: Մասնագետները բարձրաձայնում են, որ դպրոցներից դուրս մնացած աշակերտների թիվը նվազելու փոխարեն աճում է:

DSCF0886DSCF0887 DSCF0888 DSCF0889 DSCF0890 DSCF0891 DSCF0892 DSCF0893 DSCF0894 DSCF0896 DSCF0897 DSCF0917 DSCF0918

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՙԺողովուրդ օրաթերթ՚ 18.03.2014




Լրահոս