Նախարար Նալբանդյանի պատասխանը ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարց. Կարեն Ավագյան. Քեսաբում վերջին իրադարձությունների հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվում։ Մեզ երիտասարդական կազմակերպություններ են դիմում քեսաբահայությանն օգնելու ցանկությամբ։ Կարող եք ասել, ինչպես կարող են այդ կառույցներն իրենց օգնությունը տեղ հասցնել։

Պատասխան. Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հանրապետության Նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է։ Նախագահը տվել է հանձնարարականներ, և մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օժանդակություն, օգնություն ցուցաբերենք քեսաբահայությանը։ Նյու-Յորքում և Ժնևում՝ ՄԱԿ-ի կառույցներում, այլ միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցչությունների կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում։  Մեր մտահոգությունները բարձրացվել են նաև երկկողմ մակարդակով,  մոտ երեսուն երկրների հետ երկկողմ շփումներում։

Մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանք է տանում։ Մինչև վերջին իրադարձությունները Քեսաբի բնակչության շուրջ 70-ը տոկոսը հայեր էին։ Այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Նրանք, ովքեր չունեն ազգականներ, բարեկամներ, հարազատներ տեղավորվել են Լաթաքիայի հայկական եկեղեցում: Այսօր հայկական եկեղեցու բակում հանդիպում է կազմակերպվել Ազգային ժողովի պատվիրակության հետ։

Դուք գիտեք, որ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սիրիա։ Այսօր նրանք ժամանել են Լաթաքիա, և հիմա ընթանում է հանդիպումը։ Կարծեմ, մի երկու ժամից պետք է վերադառնան Դամասկոս, որտեղ վաղը պատվիրակությունը նախատեսել է այլ հանդիպումներ։ Պատգամավորներին ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը։ Իհարկե, բավական ծանր, դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները՝ քեսաբահայերը։ Եթե օժանդակության հնարավորություններ կան, նյութական օժանդակության, ապա ճիշտ կլինի կազմակերպել Սփյուռքի նախարարության միջոցով, որը վերջին շրջանում մեծ աշխատանք է ծավալել այդ ուղղությամբ՝ ոչ միայն քեսաբահայության, այլև սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու առումով։

Մեր բոլոր քայլերն ուղղված են հենց այդ նպատակին՝ օգնելու սիրիահայությանը։ Ի դեպ, կցանկանայի ընդգծել նաև, որ այս հարցում հայության բոլոր հատվածները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, միասնական մոտեցում ունեն և գործում են համատեղ քայլերի կարևորության խորը գիտակցությամբ։ Մեր պատգամավորները, երբ վերադառնան Հայաստան, կներկայացնեն այն ինչ լսել, տեսել են քեսաբահայերի հետ հանդիպումների ընթացքում։ Մենք շարունակելու ենք օգտագործել ոչ միայն դիվանագիտական խողովակները, նաև այլ հնարավորություններ՝ հեշտացնելու, լուծելու խնդիրները, որոնք ծառացել են քեսաբահայության առջև։

Կարեն Ավագյան. Օգնության խողովակը Սփյուռքի նախարարության միջոցով, ինչպես հասկացա, այ՞ո, պարոն նախարար։

Էդվարդ Նալբանդյան. Այո, ճիշտ կլինի Սփյուռքի նախարարության միջոցով, որովհետև մեծ փորձ է արդեն կուտակված և, ինչպես ասացի, բավական լայնածավալ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ օժանդակելու սիրիահայերին, ովքեր եկել են Հայաստան, թե նրանց, ովքեր շարունակում են ապրել Սիրիայում:

ՀՀ ԱԳ նախարարություն




Լրահոս