Ս. Սարգսյանը Վիկիլիքսի «աչքերով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. ապրիլի 9-ին սկսվեց Սերժ Սարգսյանի՝ մինչ օրս շարունակվող պաշտոնավարումը:

Նրա երդմնակալության արարողությունը գտնվում էր ոչ միայն ներհայաստանյան, այլև միջազգային շրջանակների ուշադրության կենտրոնում:

Այս կապակցությամբ ներկայացնենք «Վիկիլիքսի» հանրայնացրած հերթական փաստաթուղթը, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը:

ԱՄՆ Պետդեպին ուղարկած իր զեկուցագրում վերջինս ներկայացնում է 2008թ. ապրիլի 9-ի իրադարձությունները՝ ուշադրություն դարձնելով հատկապես Սերժ Սարգսյանի ելույթին և դրանում առկա մեսիջներին: Հատկանշական է, որ օտարերկրացու վրա բավականին մեծ ազդեցություն էր թողել Ազատության հրապարակը զինվորներով լցնելու իշխանությունների քայլը:
Փենինգտոնի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի՝ երդմնակալության կապակցությամբ հնչեցրած ելույթը լի էր նախագահական քարոզարշավի ու իր հիմնական մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ ծածուկ ակնարկներով:

«Նրա ելույթի տոնը ընդհանրականորեն խաղաղարարական էր: Անդրադառնալով նախագահական ընտրարշավին՝ Սարգսյանն այն որակեց նշանակալից, բայց վնասներով լի, շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արժանապատվությամբ ճանաչեցին իրենց պարտությունը և ընդունեցին իր՝ համագործակցության մեկնած ձեռքը»:

Դիվանագետը ուշադրություն է դարձնում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որում նա ասում է. «Մենք չենք կարող բաժանարար գծեր քաշել մեր ազգի միջև, ոչ էլ արհամարհել մեկս մյուսի մտահոգություններն ու ցավերը: Եթե մեր միջև չհասկացվածության պատ կար, ես կոչ եմ անում ձեզ միանալ մեզ՝ դա քանդելու համար: Մենք պիտի ստեղծենք Հայաստան, որտեղ պիտի գերիշխեն փոխադարձ հարգանքը, սերը և հանդուրժողականությունը»:

Ամերիկացի դիվանագետի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ իր ուժերն ամողջովին ներդնելու է, որպեսզի հայ հասարակությունում ձևավորվի փոխադարձ վստահության մթնոլորտ, և հաղթահարվեն բևեռացվածությունն ու առճակատումը:

Հավելենք, որ 6 տարի անց Սերժ Սարգսյանի խոստումներից գրեթե ոչ մեկը չի իրականացել: Ավելին՝ իշխանությունների գործողությունների արդյունքում ոչ միայն խորացավ սոցիալական անարդարությունը, այլև շարունակեց աճել անվստահությունը պետության նկատմամբ, մեծացավ իշխանության արհամարհանքը քաղաքացու հանդեպ, ընտրությունները կրկին կեղծվեցին, իսկ արտագաղթն ավելի սաստկացավ:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն այսօրինակ խոսքեր հնչեցրեց նաև իր երկրորդ երդմնակալության ժամանակ, բայց մինչ օրս չի կարողանում խոսքից գործի անցնել:

Փաստաթղթում դիվանագետը հավելում է, որ «Սերժ Սարգսյանը խոսեց նաև ազատության հիմնախնդրից, ինչը, սակայն, այնքան էլ հուսադրող չէր»:

Փենինիգտոնի ուշադրությունն է գրավել Սարգսյանի ելույթի հետևյալ հատվածը. «Անվերահսկելի ազատությունը կարող է կոնֆլիկտ առաջացնել հասարակական շահերի և այլոց իրավունքների հանդեպ, ինչը կանխելու համար պետությունը պետք է հանդես գա որոշ հիմնարար իրավունքների սահմանափակմամբ, որոնք չեն կարող լինել բացարձակ»:
Ամերիկացի դիտորդի համար երդմնակալության օրը նշանակալից է դարձել նաև այն հանգամանքով, որ «նոր նախագահի ու իբր նրան ընտրած քաղաքացիների միջև որևէ շփում չեղավ: Ոստիկանության կողմից իրականացված խիստ միջոցառումները՝ մաքրել քաղաքի կենտրոնը սովորական քաղաքացիներից, փաստեցին, որ ոչ մի հայի, բացի արարողությանը մասնակցած պատվիրակներից, չթույլատրվեց անգամ հպանցիկ հայացք գցել իր նոր նախագահի վրա:

Ոչ մի ժպիտ, ոչ մի ձեռքսեղմում, ոչ մի հասարակական ողջույն: Այսօրինակ վիճակը կարող է մասամբ բացատրվել մշակութային առանձնահատկությամբ: Մեզ տեղեկացրին, որ փակ արարողությունը սպասելի էր և բարձր պաշտոնյաների համար բավականին բնութագրական: Մի կողմ թողնելով մշակութային տարբերությունները՝ մենք չեն կարող չնկատել, որ Սերժ Սարգսյանի համար սա իրականում դարձավ կորսված հնարավորություն:

Երդմնակալության արարողության ամեն պարագան՝ Սերժ Սարգսյանի ֆիզիկական մեկուսացվածությունը, նրա քարացած ու չժպտացող կեցվածքը և որոշումը՝ զինվորական ուժերն օգտագործել այս արարողության մեջ, միայն ու միայն խորացնում են նրա սառը ընկալումը հասարակության մեջ»:

Փենինգտոնի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հայ հանրության մոտ ընկալվում է որպես ժողովրդից հեռու և թույլ՝ գլխավորապես հենված անվտանգության մարմինների վրա:
Փենինգտոնը փաստաթղթի ավարտին նկատում է, որ Սերժ Սարգսյանն ազատության արժեքին վերաբերվում է ոչ թե որպես իդեալի, այլ որպես սպառնալիքի, որից պետք է զգուշանալ:

Այս ընկալումը դիվանագետը բացասական է գնահատում, քանզի նրա համոզմամբ՝ այն հազիվ թե օգնի քաղաքական խաղաղության հաստատման ու Մարտի 1-ի վերքերը բուժելու գործում:

«Աննախադեպ քայլը՝ զինվորներին Ազատության հրապարակ բերելը, կարող է, հավանաբար, դիտվել որպես ուղղակի ռևանշ ու զգուշացում Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա աջակիցներին ու նաև հատկապես այն մարդկանց, ովքեր այս հրապարակը դիտարկում են որպես հակասովետականության ու Ղարաբաղյան շարժման խորհրդանիշ: Հայերը կարճ հիշողություն չունեն. զինվորների քայլքը հրապարակով և հանդուրժողականության մասին խոսքերն ուղիղ հակասության մեջ են միմյանց հետ և հազիվ թե հեշտությամբ մոռացվեն»:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս