Ուսանողը սեպտեմբերի 1-ին դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կայացավ Հայաստանի պետական ագրարային համալսարանի 23-ամյա ուսանող Վռամ Գյոզալյանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ 4-րդ կուրսի ուսանողը մեղադրվում է 2013թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, շահադիտական դրդումներով՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Գևորգ Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ զուգորդված վերջինիս առևանգմամբ:

Դատարանի վճռով ուսանողը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:

Armlur.am-ի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Արտակ Քոչարյանը տեղեկացրեց, որ իր ճառում ինքը խնդրել էր դատարանին կիրառել ոչ թե 34-104 հոդվածը (սպանության փորձ), այլ` 112-ը (կյանքի համար ծանր վնաս հասցնելը):

«Մեղադրող դատախազը մեղադրական ճառում պահանջեց պաշտպանյալիս ազատազրկել 15 տարով: Այդուհանդերձ, ես խնդրեցի դատարանին կիրառել 112-ը` պատճառաբանելով, որ պաշտպանյալս ոչ թե սպանության փորձ է կատարել, այլ՝ ցանկացել պատժել Կարապետյանին»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ իրենք անպայման բողոքարկելու են դատարանի վճիռը:

Տեղեկացնենք, որ մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Գյոզալյանը Երևան քաղաքի Ավան թաղամասից խաբեությամբ առևանգել է տուժող Գևորգ Կարապետյանին հենց վերջինիս ավտոմեքենայով՝ շահադիտական դրդումներով: Նա  չի ցանկացել վերադարձնել Կարապետյանին նրանից վերցրած 8000 ԱՄՆ դոլարը. այդ պատճառով վերջինիս տեղափոխել է Արաբկիր վարչական շրջան՝ Ավետ Ավետյան փողոցի ստորգետնյա ավտոտնակների մոտ, ապա՝ ավտոմեքենայի մեջ դանակի 5 հարված հասցրել նրան՝ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:




Լրահոս